Մատչելիության հղումներ

Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան` իր նախկին պաշտոնում Արշակ Կարապետյանի նշանակման դեմ


Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյան, արխիվ
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյան, արխիվ

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հերթական հայցով դիմել է Վարչական դատարան` այս անգամ պահանջելով անօրինական ճանաչել իր նախկին պաշտոնում Արշակ Կարապետյանի նշանակումը։

Վարչապետի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանին ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ առաջարկը վարչապետը նախագահին էր ներկայացրել ապրիլի 7-ին, նախագահն այս դիմումը չէր ստորագրել, բայց նաև չէր դիմել Սահմանադրական դատարան։ Ապրիլի 13-ին վարչապետը հայտարարեց, որ Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված։

Այս որոշումը, ըստ Տիրան Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանի, անօրինական է, քանի որ նախագահի հրամանագիրը, որով Տիրան Խաչատրյանը ազատվել էր այդ պաշտոնից, բողոքարկվել է դատարանում, գործի մասով դեռևս չկա որոշում, հետևաբար այս պաշտոնում նոր նշանակում լինել չէր կարող. «Եթե վեճի առարկա է նախագահի հրամանագիրը, որով ազատվել է Տիրան Խաչատրյանը, ապա նա պետք է շարունակեր պաշտոնավարել: Դա է ասում օրենքը, պետք է գործը քննվեր, պարզվեր` ճիշտ են ազատել, թե չէ: Եթե դատարանը պարզեր, որ ճիշտ են ազատել, նոր դրանից հետո կարող էին ուրիշ մարդ նշանակել, բայց մինչև դատարանի կողմից որոշում կայացնելն իրանք շտապել են»։

Նշանակման մեջ նաև իրավական լուրջ թերություններ կան, կայացվել են սխալ որոշումներ, որոնք կներկայացվեն արդեն դատական քննության ժամանակ, ասում է Վարուժան Ավետիքյանը. «Վարչական դատավարության օրենսգիրքը 4 տեսակի հայցադիմում է նախատեսում, 3 տեսակն արդեն տվել ենք»։

Սա Վարչական դատարանին Տիրան Խաչատրյանի կողմից ներկայացված արդեն 3-րդ հայցադիմումն է։ Առաջին դիմումով ԳՇ պետի նախկին տեղակալը վիճարկում է նախագահի՝ իրեն զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշումը։ Հենց Խաչատրյանի հեռացմանն էր հաջորդել վարչապետի հրաժարականի պահանջով Օնիկ Գասպարյանի և բարձրաստիճան մյուս զինվորականների հայտարարությունը։

44-օրյա պատերազմի օրերին ազգային հերոսի կոչում ստացած Տիրան Խաչատրյանի 2-րդ հայցադիմումով պահանջում է վերականգել իրեն Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։ Դատական այս գործերը դեռևս ընթացքի մեջ են։

Գլխավոր շտաբի պետի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին զբաղեցնում էր Զինված ուժերի հետախուզության վարչության պետի պաշտոնը և հեռացվել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։ 2018-ի հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարապետյանին նշանակել էր վարչապետի խորհրդական։ Այդ պաշտոնից Փաշինյանը նրան ազատեց ապրիլի 6-ին՝ հաջորդ օրը ներկայացնելով հրամանագիր Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու մասին։

Անդրադառնալով հայցադիմումին` փաստաբան Նորայր Նորիկյանն արձանագրեց, որ վարչապետի նշանակման մեջ որևէ հակասություն չկա. «Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը թափուր է եղել, հանրապետության վարչապետը, ղեկավարվելով գործող իրավակարգավորումներով, համապատսխան միջնորդագիր է ներկայացրել հանրապետության նախագահին, նախագահն էլ իր սահմանադրական հայեցողական լիազորությունն իրականացնելիս չի ստորագրել այդ միջնորդությունը, միաժամանակ Սահմանադրական դատարան չի դիմել` դրա սահմանադրականությունը որոշելու համար, հետևաբար իրավունքի ուժով միջնորդագիրը մտել է օրինական ուրժի մեջ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով` սահմանված կարգով, ինչի՞ մասին է խոսքը»:

Հարցին՝ եթե հրամանը վիճարկվում է դատարանում, պաշտոնը թափո՞ւր է համարվում, Նորիկյանն ասաց. «Ոչ, դա չի արգելում, չի կասեցնում իմ կողմից նշված իրավակարգավորումների մեխանիզմի կիրառումը»:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այս գործով պատասխանող կողմ են հանդիսանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը։ Գործը մակագրվել է դատավոր Հրաչ Այվազյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG