Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորը «անհեթեթ» է որակում Արշակ Կարապետյանի նշանակումը ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում


«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյան

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում Արշակ Կարապետյանի նշանակումը «անհեթեթ» է որակում։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» պատգամավորի խոսքով, ապրիլյան դեպքերը ուսումնասիրելու արդյունքում ակնհայտ է դարձել, որ բազմաթիվ թերացումներ են եղել նաև հետախուզության ոլորտում։ Գորգիսյանը հրաժարվեց կոնկրետացնել, բայց կարծում է՝ դրանք քրեական գործերի համար հիմք են. - «Ես պնդում եմ, որ էդ ժամանակ թերացումներ են եղել հետախուզական աշխատանքներում, և դրանց մանրամասները իշխանափոխությունից հետո, երբ կհարուցվեն քրեական գործեր, էդ ամեն ինչի մասին կխոսենք։ Ե՛վ նա, և՛ Դավթյանը, բոլորը պիտի պատասխան տան»։

Երբ հեղափոխությունից հետո Արշակ Կարապետյանը վարչապետի խորհրդական դարձավ, մամուլում հրապարակումներ հայտնվեցին, թե պաշտոն է ստացել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ Մարտի 1-ի գործով ցուցմունք տալու համար։

Դեռ մեկ շաբաթ առաջ վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Կարապետյանը Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ դարձավ իրավունքի ուժով։ Վարչապետը նախագահին առաջարկել էր նրան նշանակել այդ պաշտոնում, Արմեն Սարգսյանը եռօրյա ժամկետում համապատասխան հրամանագիր չէր ստորագրել, բայց առարկություններով չէր էլ վերադարձրել նախագիծը։ Այսօր առավոտյան կառավարությունը հայտարարություն տարածեց՝ Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված։

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Զինված ուժերի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով ապրիլյան դեպքերից հետո պաշտոնանկ արված եզակի պաշտոնյաներից էր։ Շատերը հենց նրան էին պատասխանատու համարում այդ օրերի զոհերի, նաև տարածքային կորուստների համար։ Ինքը Կարապետյանը հրաժարվում էր պատասխանել հարցին՝ ընդունո՞ւմ է, որ ապրիլյանի ժամանակ հետախուզությունը բացթողումներ է ունեցել։

«Ես ինքս ինձ գնահատական չեմ տալու։ Կա ղեկավարությունը, թող գա», - ասել էր նա։

Գևորգ Գորգիսյանի խոսքով, քննիչ հանձնաժողովի զեկույցի մի ամբոողջ մաս նվիրված է հետախուզության թերացումներին։ Պատգամավորը պնդում է՝ Անդրանիկ Քոչարյանը ժամանակին կարծում էր, որ Արշակ կարապետյանը քառօրյայի ժամանակ թերացումներ է թույլ տվել․ - «Միանշանակ տեղյակ է։ Եվ ասեմ ավելին՝ նա այլ կարծիք ուներ ժամանակին սույն պաշտոնյայի մասին։ Վատ կարծիք ուներ»։

Իշխանական «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը այսօր հրաժարվեց արձագանքել Գևորգ Գորգիսյանի հայտարարություններին։ Խուսափեց նաև ուղիղ պատասխանել հարցին՝ արդյո՞ք Կարապետյանը արժանի էր այդ պաշտոնին։

Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան

«Չեմ ուզում մեկնաբանել պարոն Գորգիսյանի որևէ արտահայտած միտք, որը ժամանակավրեպ է։ Այն պարզ պատճառով, որ զեկույցը դեռ հանրության ներկայացված չի։ Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջի, զեկույցը ուղարկված է Ազգային ժողովի նախագահին, և արդեն մի քանի ամիս է գտնվում է մեր հատուկ գաղտնի բաժնի բաժնում՝ Առաջին բաժնում», - ասաց Քոչարյանը։

«Ազատության» հարցին, թե որպես ապրիլյան քննիչ հանձնաժողովի ղեկավար, արդյո՞ք հարցրել են իր կարծիքը Արշակ Կարապետյանին Գլխավոր շտաբի պետ նշանակելիս․ Քոչարյանը պատասխանեց․ - «Այս հարցում ես որևէ կարծիք չեմ արտահայտել։ Իմ լիազորություններից դուրս է այս նշանակումը։ Եթե խորհրդատվական կարծիք հարցվեր, ես կտայի իմ բնորոշումը կամ պատկերացումները»։

Ավելի կոնկրետ հարցին՝ արժանի՞ էր Կարապետյանը այդ նշանակմանը, թե ոչ, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ - «Ձեր բոլոր հարցերի պատասխանը կգտնեք ապրիլյանի քննիչ հանձնաժողովի վերջնական եզրակացության մեջ»։

Կառավարությունում լուռ են, չեն մեկնաբանում, թե ինչու Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կանգ առավ Արշակ Կարապետյանի թեկնածության վրա։ Թե՛ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի նոր ղեկավարը, թե՛ նրա առաջին տեղակալը իրենց պաշտոններին նշանակվեցին ոչ թե նախագահի հրամանագրերով, այլ իրավունքի ուժով, Օնիկ Գասպարյանի ու Տիրան Խաչատրյանի աղմկահարույց պաշտոնանկություններից հետո։ Նրանք երկուսն էլ, ի դեպ, վարչական դատարանում վիճարկում են իրենց պաշտոնանկությունը։

Օրենքի ուժով նշանակումները ընդդիմադիր Գորգիսյանն ինստիտուտների արժեզրկում է որակում. – «Ամեն օր իրենց ամեն նշանակմամբ ամեն մի ինստիտուտ իրենք արժեզրկում են, փչացնում են, քանդում են»։

XS
SM
MD
LG