Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը դիմել է իրավապահներին` որոշ պաշտոնյաների վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմել է իրավապահ մարմիններին, իր իսկ ձևակերպմամբ, «որոշ պաշտոնյաների անօրինական, ձևախեղված հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու նպատակով»: Այս մասին Արմեն Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ` մանրամասնելով.

«Նախ, Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ վիրավորանք հասցնելու և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար ստորագրել եմ ՀՀ դատախազությանն ուղղված հանցագործության վերաբերյալ հաղորդում: Խոսքը վերաբերում է ՀՀ-ում Կառավարություն և Ազգային ժողովում կառավարող խմբակցություն ձևավորած կուսակցության ղեկավար մարմնի անդամի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն երկու՝ 226.2-րդ և 332.2-րդ (Մարդու իրավունքների պաշտպանին սպառնալը կամ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու մասին: Դատախազություն են ներկայացվել քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ հիմքեր:

Դրանից բացի, իրավապահ մարմիններին` Դատախազությանը, Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանն ուղղված հաղորդումներով բարձրացրել եմ այն պաշտոնյաների հարցը, որոնք սոցիալական ցացներում հրապարակումներ են անում, սակայն չեն հեռացնում դրանց ներքո ծավալվող՝ վիրավորանք ու ատելություն պարունակող, բռնությունն արդարացնող, խրախուսող կամ բռնության կոչ պարունակող գրառումները: Հարց եմ բարձրացրել նաև այն մասին, թե ինչ վերաբերմունք ունեն իրավապահ մարմիններն այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք հավանումներով (առնվազն Like) աջակցում են նման գրառումները կամ հրապարակայնորեն կիսվում են դրանցով»:

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ` նման պաշտոնյաների արարքները նույնպես պետք է դիտվեն Քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով, բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպված խմբի կողմից) սահմանված քրեական պատասխանատվության ներքո:

«Նման անօրինական վարքի տեր պաշտոնյաներին խիստ զգուշացնում եմ` չփորձեն ատելության, բռնությունն արդարացնող կամ խրախուսող իրենց գրառումներով լարվածության մթնոլորտ ավելացնել մեր երկրում: Այս հարցերի նկատմամբ լինելու եմ հետևողական», - հայտարարում է Թաթոյանը` շեշտելով, որ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցող անձինք պետք է իրենց պահվածքով օրինակ լինեն հանրային համերաշխության ու խաղաղության հաստատման համար, իրենք են պարտավոր բացառել բռնության հետ առնչություն ունեցող ցանկացած տեսակի խոսք կամ ատելություն, առավել ևս այս արատավոր երևույթների արդարացում կամ խրախուսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG