Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն ու իշխանությունը խորհրդարանում միմյանց հանդեպ մեղադրանքներ հնչեցրին


Արխիվային լուսանկար, պատգմավորները` Ազգային ժողովի նիստերի դահլիճում
Արխիվային լուսանկար, պատգմավորները` Ազգային ժողովի նիստերի դահլիճում

Չեք ուզում իմանալ ճշմարտությունը, որովհետև ուզում եք մեղադրել մեկ հոգու՝ վարչապետին, այսօր ընդդիմադիրների հասցեին նման մեղադրանք հնչեցրեց Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը ԱԺ արտահերթ ելույթով, երբ խորհրդարանը շարունակում էր քննարկել 2020 թվականի կառավարության կատարողականը։ Նազարյանը, մասնավորապես, արձագանքում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով երեկ հայտարարեց, որ հրաժարվում է ընդունել Անվտանգության խորհրդի նիստի գաղտնի արձանագրությանը ծանոթանալու Փաշինյանի առաջարկը:

«Մեղադրանքները հերիք չէ` հակասական են, նաև մեղադրանքի փաստական հիմքը ճշտելու ցանկություն չկա: Մարուքյանը ճեպազրույցներից մեկի ժամանակ, հղում անելով Օնիկ Գասպարյանին, ասել է. «Նիկոլ Փաշինյանը պատերազմի 4-րդ օրվանից արդեն իմացել է, որ պարտվում ենք, բայց պատերազմը չի կանգնեցրել»: Հիմա կա հնարավորություն, որ Մարուքյանն անձամբ լսի ձայնագրությունը և ստուգի` ինչ է խոսվել Անվտանգության խորհրդի նիստերում: Մարուքյանն ասում է` ոչ, որ ծանոթանամ, ի՞նչ եմ ձեզ ասելու, ոչ մի բան: Նկատի ունի, որ միևնույն է` իմացածն իրավունք չունի հրապարակելու: Պարո՛ն Մարուքյան, մեզ ոչ մի բան ասեք, բայց կարող է վարչապետից բացի, այլոց գործողությունների կամ անգործության մասին էլ Ձեզ մոտ հարցեր առաջանան: Չեք ուզում իմանալ ճշմարտությունը, որովհետև ուզում եք շարունակել մեղադրել մի հոգու», - ասաց Լենա Նազարյանը:

Մարուքյանը զարմացած է` ինչպե՞ս կարող է Լենա Նազարյանն իրեն մեղադրել ճշմարտությունը թաղելու փորձի մեջ, երբ «Լուսավորն» առաջին իսկ օրից հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել պատերազմի հանգամանքները քննող փաստահավաք խումբ. «Ձեր մոտ քննարկման ժամանակ, ինձ ձեր պատգամավորներից են ասել խմբակցությունից դուրս եկած, ասել են` էտ Էդմոն Մարուքյանի առաջարկը չպետք է ընդունել, դրա ձեռքը հանձնաժողով ընկավ, սաղս կդատվենք, մինչև վերջ կբացահայտի: Համ այդքան բանը գիտեք, համ գալիս, այստեղ ասում եք` ճշմարտությունը թաղում է, ո՞վ է ճշմարտությունը թաղում»:

Մարուքյանն իշխանություններին հորդորում է ավելի քիչ խոսել նախկիններից և ավելի շատ ներկաայցնել, թե ինչ են արել կամ ինչ չեն արել իրենք։ Կարծում է` Փաշինյանը պարզապես փորձում է խուսափել պատասխանատվութունից: Հիշեցրեց Փաշինյանի ելույթի այն հատվածը, որը վերաբերում էր ապրիլյան պատերազմի ժամանակ կորսված Լելե Թեփեի բարձունքը վերադարձնելու նպատակով գրոհ իրականացնելու որոշմանը. «Ասում ենք` Լելե Թեփեի օպերացիան ո՞նց է եղել, ասում է` ես հրաման չեմ տվել, վարչապետը, ես մի քանի գեներալներ եմ կանչել, մոդերացիա եմ արել, հարցրել եմ` դու ի՞նչ կարծիքի ես, դու ի՞նչ կարծիքի ես, բայց հետո պարզ է չէ՞, որ ինչ-որ մեկը, այսինքն` գլխավոր հրամանատարը` վարչապետը ասում է` լավ, արեք օպերացիան: Բա կարծիքները հարցնելուց հետո ո՞վ արավ օպերացիան, ասում է` ես մոդերատոր եմ: Այ տենց մոդերատոր եք եղել և միջազգային հարաբերություններում եք մոդերատոր: Գնում եք, Ալիևին ասում եք` դու ի՞նչ կարծիքի ես, Պուտինին` դու ի՞նչ կարծիքի ես, Մակրոնին` դու ի՞նչ կարծիքի ես, Թրամփին` դու ի՞նչ կարծիքի ես: Վերջում տեսա՞ք` ինչ եղավ: Մոդերատոր եք Դուք, երկրի ղեկավարը չեք: Եվ ամենալավ ձևակերպումը տվել է առաջին նախագահը` «ազգակործան պատուհաս», դասական ձևակերպումը»:

Մարուքյանը խոսեց նաև ներքաղաքական թեմայով։ Ասաց` քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհն իշխանափոխությունն է, դա իրականացնելու համար առաջարկով դիմեց նախկին իշխանություններին. «Ես պաշտոնական առաջարկ եմ անում Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև մյուս բոլոր նախկին իշխանության ներկայացուցիչներին` մի կողմ քաշվեք, և մենք այս մարդկանց կդարձնենք մի հատ փոքր, քիփլիկ ընդդիմադիր խմբակցություն իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով: Մի կողմ քաշվեք, մի կողմ չքաշվեցիք, ձեր դեմ քարոզարշավով գնալու են վերարտադրման ճանապարհով: Սա է տարբերակը, և պետք է լինել ազնիվ, այս մարդկանց ուժ տվողը ձեր դեմ ելույթներն են: Եկել է, ասում է` քառահարկ տուն էր կառուցել գեներալը: Այ ախպեր ջան, 3 տարի է` դուք եք, բռնեիք, դատեիք, քառահարկ տունն էլ վերցնեիք: Ասել հայտնի դասականներին` չագուճն էլ էր ձեր ձեռը, մեխն էլ»:

2018 -ի հեղափոխությունը նրա համար էր որ մարդիկ լավ ապրեին, բայց լավ են ապրում միայն իշխանություն ստացածները, հայտարարեց Մարուքյանը. «Դուք դավաճանել եք հեղափոխությանը, դուք սկսել եք լավ ապրել, ու այդ օրվանից սաղ կործանվել է, այդ օրվանից ամեն ինչ վարի է գնացել: Մի հատ նայեք, Սուրեն Պապիկյանին ինչ մեքենա է սպասարկում: Եկել է, ասում է` Արմեն Եղիազարյանն Էդմոն Մարուքյանի ընկերն է, ճիշտ ես ասում, բայց մարդն ասում է` ձեր փեսուն, աներձագին, խնամուն, հորաքրոջ տղուն, մոքրի մարդուն գործի եք դրել, եկել ես, ասում ես` դու իր ընկերն ես: Իմ ֆրակցիայի սաղ պատգամավորներն էլ իմ ընկերներն են, և ի՞նչ: Քննադատում էիք փեսա, աներձագ, նախկին իշխանություններին, ինչքան փեսա, ինչքան աներձագ, ինչքան մոքրի տղա ունի, բերել եք, պատգամավորի մանդատ տվել, սաղին գործ եք տվել»:

Մարուքյանի համար անընդունելի է, որ կառավարության կատարողականի քննարկմանը Փաշինյանը ներկա չէ, իսկ փոխվարչապետն ու նախարարները վերջին պահին են գալիս եզրափակիչ ելույթ համար։

Արդեն եզրափակիչ ելույթի ժամանակ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նախ հերքեց Մարուքյանի հայտարարությունը, ասաց` քննարկմանն ամբողջությամբ ներկա են եղել. «Պարոն Մարուքյանն ասում է` նայեք, ինչ մեքենա է սպասարկում պարոն Պապիկյանին: Այստեղ, ի դեպ, բանալի բառը սպասարկել բառն է: Այո, տարածքային կառավարման նախարարին սպասարկում է ծառայողական մեքենա, Սուրեն Պապիկյանին չէ, այն ինստիտուտին, որը պետք է լինի այդ դերում: Հիմա, պարո՛ն Մարուքյան, ինձ մոտ հարց է առաջանում` Ձեր խմբակցության ղեկավարը սամակատո՞վ է գնում Վանաձոր, գալիս: Չէ, սրա մասին կարող է խոսել մի մարդ, ով հրաժարվել է ծառայողական մեքենայից, ով հրաժարվել է իրեն օրենքով սահմանված կարգով հասնող բնակարանի վարձատրությունից: Սա շատ խիստ պահանջ է, բարի եղեք շատ կոռեկտ արտահայտվել այն քաղաքական ուժի, այն քաղաքական ուժի ղեկավարի մասին, ում շվաքի ներքո սահուն եկել, բազմել եք այստեղ, ու դու անցար այն կարմիր գիծը, որ պիտի չանցնեիր»:

Նկատենք, արդեն երրորդ օրը խորհրդարանում շարունակվող քննարկմանը ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը` «Բարգավաճ Հայաստանը» ներկա չէ։ Պատգամավորները չեն հերթագրվել ոչ հարցերի, ոչ էլ ելույթների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG