Մատչելիության հղումներ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը


Բարձրագույն դատական խորհուրդը նոր նախագահ ունի։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, հուլիսի 11-ին Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Ռուբեն Վարդազարյանը խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց է 8 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Վարդազարյանը վստահեցնում է, որ կանի ամեն ինչ, որպեսզի Բարձրագույն դատական խորհուրդն ապահովի դատարանների անկախությունը․ - «Իմ համոզմամբ, ԲԴԽ-ն պետք է լինի ավելի թափանցիկ, ԲԴԽ-ի գործողությունները պետք է լինեն տրամաբանված և հասկանալի: Դրանով հենց կապահովվի դատավորների անկախությունը»:

Վարդազարյանը խոսեց նաև վեթինգ անցկացնելու իշխանությունների մտադրության մասին։ Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահի կարծիքով, միգուցե իշխանությունները հետ են կանգնել իրենց որոշումից, սակայն իրականացվելու է մի գործընթաց, որը թափանցիկ կդարձնի դատավորների գործունեությունը․ - «Հասանելի կլինի դատավորի ցանկացած քայլ, այդ թվում նաև՝ եկամուտների և գույքի հայտարարագրեր, նրանց քաղաքական կապերի վերաբերյալ»:

Վարդազարդյանը Սահմանադրական դատարանի ճգնաժամը քաղաքական հայտարարություն համարեց և չցանկացավ մեկնաբանել։ Ասաց, որ Դատավորների ընդհանուր ժողովը ստացել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը և այդ հարցի վերաբերյալ ժողովը կձևավորի իր դիրքորոշումը։

Վարդազարյանն ասաց, որ այդ հարցում ունի անձնական կարծիք, որն այս պահին չի ուզում բարձրաձայնել:

Սահմանադրական դատարանում ճգնաժամ տեսնող ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն նամակ էր ուղարկել Կառավարությանը, Ազգային ժողովին և Դատավորների ընդհանուր ժողովին: Դրանում հիմնավորել էր ճգնաժամի պատճառները:

Որոշումները, ըստ Սահմանադրության, ընդունում են դատավորները՝ որոշ դեպքերում հինգ, որոշ դեպքերում՝ վեց դատավորի քվեով: Մինչդեռ 9 հոգանոց ՍԴ-ի կազմից յոթը անդամի կարգավիճակ ունեն, ուստիև որոշում կայացնելու լիազորություն չունեն:

Գրիգորյանը ելքեր էր առաջարկել․ համատեղ որոշմամբ պահպանվում է ներկա իրավիճակը, կամ 7 թափուր հաստիքների համար Նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու Կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում: Իսկ երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկել էր Սահմանադրական դատարանի անդամների հրաժարականի մասին՝ առաջարկելով, որ այդ դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG