Մատչելիության հղումներ

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է դեռևս 60 հոգի


Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների առաջին երկու օրը պատվաստվել է միայն 60 հոգի։ Թիվ 13 պոլիկլինիկայում 10 հոգու համար նախատեսված AstraZeneca տեսակի պատվաստանյութի առաջին սրվակը բացվեց միայն այսօր։

Պատվաստման ենթակա խմբում գտնվող քաղաքացիները մինչ պատվաստման սենյակ հասնելը՝ նախ ընդհանուր վիճակի ստուգում են անցնում։ Ստուգվում է քաղաքացիների ընդհանուր առողջական վիճակը, տվյալները ներառվում են հատուկ թերթիկներում ու նաև տեղեկացվում են հնարավոր բարդությունների մասին։

«Պատվաստումից հետո կարող է թեթև ջերմություն ունենա կամ նույնիսկ բարձր ջերմություն ունենա, մկանացավ, ոսկրացավ, հոդացավ, նման բաներ, որ լինում են պատվաստումը ստանալուց հետո: Որ ինքը չվախենա, պիտի տեղեկացված լինի, բացի դրանից հսկողության տակ կլինի մեզ մոտ», - ասաց մասնագետը:

Քաղաքացիները ստորագրում են, որ ինքնակամ են պատվաստվում և արդեն պատվաստումների սենյակում ստանում են առաջին դեղաչափը։ 2-րդը կստանան 8 շաբաթ անց։

Թիվ13 պոլիկլինիկայում 340 դեղաչափ պատվաստանյութ են ստացել։ Տեղամասային բժիշկները հերթով զանգահարում և հրավիրում են քաղաքացիներին, առայժմ հրաժարվողների թիվն ավելի մեծ է, քան ցանկացողներինը՝ ասում է պոլիկլինիկայի տնօրեն Ռուզան Դուրգարյանը. «Մեկը կա, որ ասում է՝ ուղղակի չի ուզում պատվաստվել, մեկը կա, որ ենթադրենք ալերգիա ունի պատվաստանյութերից, մյուսն ասում է, որ ինչ-որ վատ բաներ է լսել, դրա համր չի ուզում պատվաստվել»:

Քաղաքացիների տրամադրությունը հասկանալու համար մենք էլ փոքրիկ հարցում անցկացրեցինք՝ 60-ն անց քաղաքացիներից շատերը պատրաստ էին և ունեին ցանկություն պատվաստվելու։

«Վախենում եմ, բայց արդեն hիվանդացել ենք ես էլ, ամուսինս էլ, գիտենք էդ ինչ դաժան բան է, փորձելու ենք պատվաստվել», - ասաց քաղաքացիներից մեկը:

Հանդիպեցինք նաև քաղաքացիների, ովքեր ավելի շատ վախենում էին պատվաստվելուց, քան վարակվելուց։ Պատճառը տարածված լուրերն են՝ պատվաստանյութի որակի ու հնարավոր բացասական հետևանքների մասին։

Բրիտանա-շվեդական ընկերության կողմից ստեղծված AstraZeneca պատվաստանյութը այս պահի դրությամբ գործածվել է 118 երկրում, ամբողջ աշխարհում օգտագործվել է 200 մլն դեղաչափ, և գրանցվել են ընդամենը մի քանի տասնյակ կողմնակի ազդեցության դեպքեր՝ այս մասին այսօր Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց առողջապահության նախարարը։

«Երկրներ կան, դրանք շատ սակավաթիվ են, մի քանի երկրներ, որոնք որ այս պահին կասեցրել են որոշ խմբաքանակների օգտագործումը մինչև որ լրացուցիչ եզրակացություն մասնագիտական կառույցների կողմից կտրվի: Շատ երկրներ էլ վերսկսել են օգտագործումը, սակայն փոփոխել են տարիքային շեմը: Մենք ևս վերջերս որոշում կայացրեցինք, որ քանի որ այն սակավաթիվ կողմնակի ազդեցությունները, որոնք որ գրանցվել են, տեղ են գտել երիտասարդների մոտ, օգտագործման տարիքային շեմը սահմանել 55-ից բարձր», - ասաց նախարարը:

Հայաստանում նախատեսվում է մեկ տարվա ընթացքում պատվաստել 6-ից 700 հազար բնակիչների։ Սա բավարար է հանրային իմունիտետի ձևավորման համար, ասում է նախարարը, սակայն աշխարհում կա պատվաստանյութի դեֆիցիտ, հետևաբար պատվաստումների համար սահմանված են առաջնահերթություններ։

Անդրադառնալով Հայաստան ներկրված պատվաստանյութի պիտանելիության ժամկետին, նախարարը նշեց, որ AstraZeneca-ի առկա դեղաչափերը կիրառելի են մինչև մայիսի 31-ը։ Այսինքն ներկրված ամբողջ դեղաչափը պետք է սպառվի մինչ ժամկետի ավարտը։

«Այն Հայաստան է ներմուծվել երկու ամիս օգտագործման ժամկետով, և դա բավարար է, համապատասխանում է բոլոր չափանիշներին», - ասաց Ավանեսյանը:

Նախարարն ընդգծեց՝ խոցելի խմբերի համար պետական միջոցներով իրականացվող պատվաստումներն անվճար են, սակայն մասնավոր ընկերությունները ևս գործընթացին մասնակցելու հայտ են ներկայացրել և հնարավոր է քաղաքացիներին հասանելի դառնա նաև պատվաստվելու վճարովի տարբերակը։

Մինչև այսօր Հայաստան է ներկրվել 24000 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ, 7500 քաղաքացու համար էլ՝ 15000 դեղաչափ Sputnik V։ Իսկ մինչ այդ որպես նվիրատվություն Հայաստանին Ռուսաստանի կողմից տրվել էր 2060 դեղաչափ Sputnik V պատվաստանյութ։

XS
SM
MD
LG