Մատչելիության հղումներ

Լևոն Լաճիկյանի «գծանկարչական եկեղեցապատումը»


Արվեստաբան, նկարիչ Լևոն Լաճիկյան
Արվեստաբան, նկարիչ Լևոն Լաճիկյան

Արվեստաբան Լևոն Լաճիկյանը տարիներ շարունակ ոչ միայն իր տասնյակ ու տասնյակ գրքերով, հարյուրավոր հոդվածներով ներկայացնում է հայկական մշակույթն ու արվեստը, այլև բազմաթիվ անհատական ցուցահանդեսներով է հանդես եկել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան մի շարք երկրներում։

Վերջերս Հայաստանի ազգային գրադարանում բացվել է նրա 16-րդ անհատական ցուցահանդեսը՝ «Հայկական եկեղեցիներ» խորագրով, որտեղ ներկայացված են Հայաստանում, Արցախում և աշխարհի հայաշատ գաղթօջախներում գտվող հայկական եկեղեցիների 33 գծանկարներ:

«Գծանկարչական եկեղեցապատումը (Լաճիկյանի բնորոշումն է) ծնվեց այնպես, ինչպես ծնվել են հայկական եկեղեցիները։ Եկեղեցաշինությունը ես չեմ դիտում որպես զուտ ճարտարապետական, այլ եկեղեցին՝ որպես հավաքական կառույց, մեր դրոշմի նկարագրությունը։ Իհարկե, սկզբում արել եմ իմ ծննդավայրի՝ Գյումրվա եկեղեցիները, հետո պապիս եկեղեցին՝ Կարսի Սուրբ Առաքելոցը, և այդպես մինչև Պոլսո եկեղեցիները և աշխարհի տարբեր միջօրեականներում։ Եվ ահա տեսա, որ ինքը կազմեց բավական ստվար թիվ՝ մոտ հինգ տասնյակ հայկական եկեղեցիներ։ Հետաքրքիրը տարածաժամանակային ընդգրկումն է․ ժամանակայինը՝ սկսած վաղ քրիստոնեական շրջանից, երբ ձևավորվում էր հայկական ազգային ճարտարապետությունը, 7-րդ դարի մեր ճարտարապետության փառավոր ոսկեդարը, և հասել եմ մինչև մերօրյա եկեղեցիները, օրինակ՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը», - «Ազատության» հետ զրույցում Լևոն Լաճիկյանը։

Բոլորովին վերջերս գծանկարչական այս եկեղեցապատումը «Հայկական եկեղեցիներ» խորագրի ներքո որպես բացիկաշար-ալբոմ լույս է ընծայվել «Էդիտ Պրինտ» հրատարակչության կողմից: Բացիկաշար-ալբոմի շնորհանդեսը տեղի ունեցավ Ազգային գրադարանում հենց ցուցահանդեսի բացման օրը:

«Սա մեր ազգային գիտակցության քարեղեն դրսևորումներն են։ Եվ այսօր, երբ տեսնում ենք, թե Արցախում ինչ է կատարվում․ էսքան բնակելի շենքեր և այլն ռմբահարվեցին, բայց ամենաշատը բարձրացվեց Ղազանչեցոց եկեղեցու ռմբահարումը։ Հիմա որ ադրբեջանցիները վարում են էդ քաղաքականությունը հետքերի վերացման, ինչպես Մեխակավանը, ես մտածեցի, որ արժեր իմ նկարած եկեղեցիների գոնե մի փունջը հրատարակել», - ասաց հեղինակը։

Անդրադառնալով Արցախում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացմանը՝ Լաճիկյանն ասաց․ - «Այսօր, մեր հազարավոր լույս տղերքի զոհվելուց, բոլորիս հոգեկան ծանր ապրումներից հետո նաև պետք է մի քիչ ավելի մտածել հեռանկարի մասին։ Ես կարծում եմ, որ մեր պատկան կառույցները՝ Արտաքին գործոց նախարարությունը, Մայր Աթոռը, Անթիլիասը, ամբողջ սփյուռքը․․․ ինչպես մենք կարողացանք պատերազմի առաջին օրերին համախմբվել, նույն ձևով պետք է սա բարձրաձայնել միջազգային տարբեր ատյաններում։ Եվ իհարկե, իր բուն պարտականությունը պետք է կատարի ՅՈւՆԵՍԿՈ-ն, որովհետև Հայաստանում գտնվում են ՅՈւՆԵՍԿՈ-ի հովանտու տակ գտնվող բազմաթիվ կառույցներ»։

Դիտարկմանը, թե ՅՈւՆԵՍԿՈ-ն չկարողացավ կանխել Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, նա Լաճիկյանն արձագանքեց․ - «Դա է հարցը, թե մարդկությունը համրացե՞լ է։ Մենք էստեղ տապակվում ենք ոչ թե մեր հոգսերով, այլ նաև մտածում ենք, թե վերջապես այսքան խոսում ենք մշակութային արժեքներից․․․ Ինչ որ էստեղ նկարված է, սա միայն ազգային արժեքներ չեն։ Ի վերջո, գաղտնիք չէ, որ քրիստոնեական առաջին գմբեթակիր եկեղեցին 301-303 թվականներին կառուցվել է Սուրբ Էջմիածնում։ Պարտավորություն ունի ոչ միայն մեր հանրությունը, որը հիմա մի քիչ շոկի մեջ է, բայց ոչ մի կերպ ինձ համար հասկանալի չեն միջազգային կառույցները, որոնք ուղղակիորեն կոչված են ազգային, համամարդկային արժեքների պահպանությանը։ Ես գտնում եմ, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր ուժերին չափով նպաստել հայրենաճանաչությանը։ Ու գտնում եմ, որ այս ցուցահանդեսը, բացի զուտ գեղագիտական նշանակությունից, ունի նաև ճանաչողական նշանակություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG