Վրաստանը առաջիկա ամիսներին դուրս կբերի Աֆղանստանում տեղակայված իր զորախումբը։ Ֆեյսբուքում կատարված գրառմամբ այդ մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ Աֆղանստանում տեղակայված վրացական զորախմբի դուրսբերումը կազմակերպվելու է ըստ ՆԱՏՕ-ի հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի։
Պաշտոնական Թբիլիսիի՝ զորքերի դուրսբերման մասին որոշմանը նախորդեց Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի ղեկավարների հայտարարությունը, որի համաձայն մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 11-ը Աֆղանստանում տեղակայված բոլոր օտարերկրյա ուժերը դուրս կբերվեն։
Վրացական զորախումբը Աֆղանստանում տեղակայվել է 2004 թվականին՝ տարիների ընթացքում դառնալով ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող պետության խոշորագույն ստորաբաժանումը երկրի տարածքում։ Այս պահին Աֆղանստանում տեղակայված վրացական զորախմբի կազմում 860 զինվորական է ծառայում, այդ երկրում ծավալված «Վճռական աջակցություն» գործողության ամբողջ ընթացքում վրացական բանակի 32 զինծառայող է զոհվել։