Մատչելիության հղումներ

Հայաստանցիները չեն շտապում պատվաստվել քովիդի դեմ


Հերացու անվան թիվ 1 համալսարանական պոլիկլինիկայի տնօրեն Աննա Բալյանը ցույց է տալիս սառնարանում պահվող AstraZeneca պատվաստանյութն ու ասում, որ թիրախային խմբի շուրջ հազար քաղաքացի է գրանցված իրենց պոլիկլինիկայում, և իրենք բոլորին զանգահարում ու տեղեկացնում են, որ պատվաստանյութը կա, կարող են գալ ու պատվաստվել։

«Ենթադրում ենք, որ մարդիկ հասկանում եմ, որ ավելի լավ է պատվաստվեն, քան ունենանք այդ մահաբեր դեպքերը կորոնայից։ Այս ալիքն էլ նորից սկսվել է։ Դրա համար աշխատում ենք մենք, իրազեկում ենք՝ հույսով, որ կկարողանանք որոշ մարդկանց պաշտպանենք էդ վիրուսի գրոհից», - ասաց Բալյանը։

Առավոտյան այս պոլիկլինիկայում պատվաստման եկած քաղաքացիների չհանդիպեցինք։

Երևանում այսօր պատվաստումների երկրորդ օրն է, մարզերում՝ առաջին։ Քաղաքապետարանից ու Երևանի պետական բժշկական համալսարանից երեկ «Ազատությանը» փոխանցել էին, որ Երևանի պոլիկլինիկաներում մարդկանց մեծ շարժ չկա։

Իսկ մարզերում պատվաստվողների ակտիվություն կա՞, թե՞ ոչ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից «Ազատության» այս հարցին պատասխանեցին՝ շարժ չկա՝ դա պայմանավորելով նրանով, որ առաջին երկու-երեք օրերը համարվում են պլանավորման օրեր․ պոլիկլինիկաներից զանգահարում են իրենց բնակիչներին, տեղեկացնում, որ պատվաստանյութն արդեն կա, տեղեկատվություն են տրամադրում պատվաստման դրական կողմերի ու դրանից հետո հնարավոր ռեակցիաների վերաբերյալ, ինչից հետո միայն քաղաքացին որոշում է՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ։

Երևանյան պոլիկլինիկաներից մեկում մեզ հանդիպած տարեցներն արդեն գիտեին, որ կարող են պատվաստվել։ Մոտեցումները տարբեր էին․ ոմանք միանշանակ պատվաստվելու կողմնակից էին, մյուսները մտավախություններ ունեին կողմնակի ազդեցությունների հետ կապված։

Մինչ պոլիկլինիկաները շարունակում են իրազեկել բնակիչներին, նրանցից շատերն էլ դեռ կողմնորոշման փուլում են, քովիդով վարակվածության նոր դեպքերի թվերը գնալով աճում են։ Միայն այսօր 1057 նոր դեպք է գրանցվել, 583-ը բուժվել են, ևս 19 մարդ մահացել։ 215 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 910-ը՝ ծանր, 77 հոգի էլ շնչում է թոքերի արհեստական ապարատի միջոցով։ Վերակենդանացման բաժանմունքներում ընդամենը 6 ազատ մահճակալ կա։

XS
SM
MD
LG