Մատչելիության հղումներ

Բաղրամյան 79-ի բնակիչներն ահազանգում են՝ մանկական խաղահրապարակում ծառեր են հատվում


Կտրված ծառեր, թափված ճյուղեր ու մանկական խաղահրապարակ, որը վաղը կարող է չլինել։ Տարածքը վաճառված է, սեփականատերը իրավասու է իր տարածքի հետ վարվել ինչպես ուզում է։ Այս բացատրությունն են լսում Բաղրամյան 79 հասցեի բնակիչները, ովքեր արդեն 2 օր է արթնանում են հատվող ծառերի ձայնից։

«Տեսե'ք, առավոտ շուտ եկել են, սկսել են ծառերը կտրել, նոր ժողովուրդը դուրս եկավ։ Նայե'ք, թարմ ծառեր են, երեկվանից հետո էլի առավոտ շուտ եկան կտրեցին, դրա համար դուրս եկանք։ Նայե՛ք, ծակել են, կիսլատան լցրել են մեջը, որ փտի», - «Ազատության» հետ զրույցում ասացին բնակիչները։

Արդեն մի քանի օր է բակը մարդաշատ է ու աղմկոտ։ Բնակիչներից Մարգարիտա Պողոսյանն ընդգծում է՝ շենքերով ու շինություններով խեղդված այս տարածքում, որտեղ նաև բժշկական մեծ կենտրոն է գործում, արդեն իսկ մեքենաների մեծ քանակի պատճառով շարժը խիստ դժվարացել է։ Համեստ չափերով այս այգին իր մարզասարքերով ու խաղերով, որ 2 տարի առաջ է տեղադրվել, տարածքի փոքրիկ բնակիչների միակ խաղահրապարակն է։

«Բաղրամյան, Երզնկյան, Օրբելի, մոտ մի 15 հազար բնակիչ կա էս մասում, ու բոլորի երեխաները գալիս են էստեղ, խաղում են։ Մոտակայքում ոչ մի ուրիշ խաղահրապարակ չկա, բոլորը դրա համար գալիս են էստեղ», - ասաց Պողոսյանը։

Տարածքի բնակիչները դիմել են տարբեր կառույցների, բայց առայժմ չեն ստանում պատասխան՝ թե ո՞վ կամ ինչի՞ համար է հատում ծառերը։ Պարզաբանման համար «Ազատությունն» էլ դիմեց քաղաքապետարան։ «Երևանի կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Արաբկիր վարչական շրջանի ստորաբաժանման ղեկավար Հովսեփ Հովսեփյանը տեղեկացրեց, որ տարածքը վաճառված է և ունի սեփականատեր։

«Այդ ծառերը, որ հատվում են, գտնվում են սեփական տարածքում, հիմա ժամը մեկ ոստիկաններն են գալիս, թեժ գծից զանգում են, բայց մենք, որպես կանաչապատման աշխատակից, ոչ մի լծակ չունենք, որ ազդենք իրանց վրա, ասենք մ՛ի կտրեք։ Ծառերը գտնվում են սեփական տարածքում և քաղօրենսգրքով էլ ամրագրված է, որ սեփական տարածքում գտնվող ցանկացած բան պատկանում է սեփականատիրոջը», - ասաց Հովսեփյանը։

Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ միջբակային այս տարածքը վաճառվել է դեռ 2000-ականններին, իսկ 2008-ին քաղաքապետարանում համաձայնեցվել է կառուցապատման նախագիծը։ Շինթույլտվություն, սակայն, սեփականատերը չունի, հետևաբար նաև կառուցապատում իրականցնել չի կարող։

Թե ով է տարածքի սեփականատերն, առայժմ պարզել չհաջողվեց։ Այս պահին էլ շինթույլտվության իրավունքի համար որևէ դիմում քաղաքապետարանում չկա՝ «Ազատության»-ը տեղեկացրեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ավելին՝ նման միջբակային տարածքներ գնելն այսօր քիչ հավանական է։

«Գործող քաղաքային իշխանության Երևանի քաղաքապետի քաղաքականությունն այնպիսին է, որ հակառակը հնարավորինս տարածքները պետք է վերադարձնել համայնքին և համայնքը ներկա պահին նպատակահարմար չի համարում, ճիշտ չի համարում միջբակային տարածքների սեփականաշնորհումը, կամ օտարումը որևէ կերպ։ Ցավոք, շատ ունենք տարածքներ, որ ժամանակին ինչ-ինչ ձևով սեփականաշնորհվել են, և հիմա այդ տարածքներում սեփականատերերն իրացնում են իրենց իրավունքը», - ասաց Կարապետյանը։

Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ, միջբակային այս տարածը վաճառվել է 2014 թվականին։ Այգու հարևանությամբ ազատամարտիկ Արմեն Մարտիրոսյանի անունը կրող փոքրիկ պուրակն է՝ հերոսին նվիրված խաչքարով։ Բնակիչներն ահազանգում են, որ իրենց գումարներով կառուցված հուշարձանն էլ այսօր վտանգի տակ է։

«Իրանց ներկայացուցիչն է ասել, որ պետք լինի, էդ էլ կքանդենք՝ հուշարձանը», - ասաց Բաղրամյան պողոտայի բնակիչ Մարգարիտա Պողոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG