Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը


20 տարի անընդմեջ ապրիլյան  այս օրերին Հայաստանում  անցկացվում է Գրադարանային շաբաթը, որի մեկնարկն այս տարի ազդարարվեց երեկ՝ Ազգային գրադարանում տեղի ունեցած հանդիսությամբ:

Մինչ այդ «Ազատության» հետ հարցազրույցում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը շեշտեց, որ ավանդաբար շաբաթվա ընթացքում բոլոր գրադարաններում անցկացվում են ամենատարբեր միջոցառումներ՝ է՛լ ավելի ամրապնդելու ընթերցող-գրադարան կապը, մեկ անգամ ևս ուշադրություն հրավիրելու գրադարանների և նրանց նվիրյալ աշխատակիցների գործունեության վրա:

«Այս տարի մենք նշում ենք 20-րդ հոբելյանական ազգային Գրադարանային շաբաթը։ Հիմնականում Գրադարանային շաբաթվա ուղենիշը պետք է լինի գրադարանային գործունեության իրազեկման շաբաթ։ Փորձը ցույց է տալիս, որ նույն համայնքում ապրողները չգիտեն իրենց գրադարանի մասին․ թե ինչ է անում գրադարանը, ինչ գործունեություն է ծավալում, ինչ ծառայություններ է մատուցում։ Մենք առաջնահերթ պետք է բարձրացնենք իրազեկումը, տեղեկացնենք՝ որ գրադարանը ինչով է զբաղված։ Մենք այս տարի վերցրեցինք խորագիրը «Գնա քո գրադարան» սկզբունքով՝ յոթ օր, յոթ գրադարան։ Ազգային գրադարանը կներկայացնի յոթ համայնքային գրադարան, և ամեն օր փոքրիկ ֆիլմեր ենք պատրաստել այդ գրադարանների մասին, և այցելություններ՝ «Բիբլիոբուսով» գրքեր ենք նվիրում այդ գրադարաններին։ Հիմնականում շեշտը նաև պետք է դրվի գրադարանավարների փորձի փոխանակման վրա», - ասաց Ազգային գրադարանի տնօրենը։

Աննա Չուլյան
Աննա Չուլյան

«Համավարակը մեզ շատ բան սովորեցրեց», - շարունակեց նա։ - «Հիմնականում մատնանշեց մեր թույլ կողմերը, միաժամանակ ցույց տվեց այն բոլոր հնարավորությունները, որ գրադարանները կարող են օգտվել առցանց հարթակներից, անցնելու առցանց տիրույթ։ Այդ ծանր պատերազմի օրերին շատ հետաքրքիր էր, որ մենք բավականին մեծ քանակով ընթերցողներ ունեինք։ Մարդիկ կարիք ունեին գալու գրադարան, մարդկանց պետք էր կտրվել իրականությունից․․․ Մենք մեր լավագույնը արեցինք, որ մեր ընթերցողը ոչ մի ձևով կտրվի գրադարանից։ Համենայն դեպս, հունվար ամսվանից մենք հստակ անցել ենք ամբողջ ծավալով մեր բնականոն աշխատանքին։ Բայց միևնույն ժամանակ կիրառում ենք այն փորձը, որը մենք ձեռք բերեցինք համավարակի ընթացքում փակ եղած ժամանակ՝ վեբինարների շարքը, առցանց միջոցառումների շարքը»։

Դիտարկմանը, որ հատկապես արևմտյան աշխարհում գրադարանները լավագույն մշակութային կենտրոններն են և հագեցած են ժամանակակից տեխնիկայով, և հարցին, թե մեզանում ինչպիսին է իրավիճակն այդ առումով, Աննա Չուլյանը պատասխանեց․ - «Հայաստանի ազգային գրադարանը ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է։ Ծալաները իհարկե շատ մեծ են, միանգամից իրականացնել այդ վերազինումը հնարավոր չի։ Այստեղ պետք է լինի առաջնահերթ և՛ պետական աջակցություն, և՛ մենք ինքներս բավականին շատ դրամաշնորհային ծրագրերի ենք դիմում։ Հիմա ահագին դիմել ենք, սպասում ենք պատասխաններին։ Բայց տեխնոլոգիաները այնքան արագ են զարգանում, որ մենք անընդհատ, անընդմեջ այդ վերազինման կարիքն ենք ունենում»։

Խոսելով Ազգային գրադարանի հրատապ լուծում պահանջող խնդիրներից՝ տնօրենն ասաց․ - «Առաջնահերթ պետք է կարողանանք ապահովել աշխատակիցների համար նորմալ աշխատանքային պայմաններ։ Եվ իհարկե, մենք լուրջ խնդիր ունենք ծավալների, պաշարների պահպանման հետ։ Դա ունենք, պահում ենք, բայց մենք պետք է նայենք դեպի ապագա՝ ավելի ընդլայնելու մեր հնարավորությունները»։

Անդրադառնալով գրադարանավարների շատ ցածր աշխատավարձերին, դրանք բարձրացնելու հեռանկարին՝ Չուլյանն ասաց․ - «Հույսեր կան։ Աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք, տեսնենք ինչ կարող ենք անել այդ ուղղությամբ։ Այստեղ աշխատում են միմիայն նվիրյալներ։ Այն աշխատանքը, որ այստեղ արվում է, ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը աշխատավարձի համար է աշխատում։ Իրենք այստեղ ուղղակի նվիրյալներ են և գիտակցում են, թե ինչի համար, ում համար են անում այս ամենը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG