Մատչելիության հղումներ

Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. դատական նիստը հետաձգվեց


Արխիվային լուսանկար

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացակայում է դատական նիստից: Նա բժշկական ցուցումով` ելնելով ախտանիշներից, կորոնավիրուսի թեստ է հանձնել, դատական նիստի ժամանակ հայտարարեց նրա փաստաբաններից Հայկ Ալումյանը: Նաև հայտնեց, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում։ Իրենք ներկայումս սպասում են քովիդ թեստի պատասխանին:

Ըստ Ալումյանի` անհրաժեշտության դեպքում նախկին նախագահը կարող է գալ նիստին, եթե դատարանը գտնի, որ պարտադիր է նրա ներկայությունը, և եթե դատարանն իր վրա պատասխանատվություն կվերցնի հետագա հանգամանքների համար:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց նիստը, այն կկայանա հաջորդ ամիս` մայիսի 4-ին՝ ժամը 13:00-ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին մեղսագրվող 300.1 հոդվածը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 6-ին որոշեց կարճել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, Պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքների մասով քրեական գործի վարույթը:

Երկրորդ նախագահի մոտ կորոնավիրուսի էր հայտնաբերվել հոկտեմբերի վերջին: Նախքան այդ հայտնի էր դարձել, որ առաջին նախագահը և Ռոբերտ Քոչարյանը մեկնելու էին Մոսկվա, սակայն թեստի դրական արդյունքի պատճառով այցը չկայացավ:

XS
SM
MD
LG