Մատչելիության հղումներ

Մեծ յոթնյակի երկրները դատապարտել են ռուսական զորքերի կուտակումները Ուկրաինայի սահմանի մոտ


Ուկրաինա - Ռուսամետ անջատականները Լուգանսկի շրջանում, մարտ, 2021թ.
Ուկրաինա - Ռուսամետ անջատականները Լուգանսկի շրջանում, մարտ, 2021թ.

Մեծ յոթնյակի (G-7) երկրները դատապարտել են Ուկրաինայի սահմանի մետ և Ղրիմում ռուսական զորքերի շարունակվող տեղաբաշխումները։

Աշխարհի ամենազարգացած 7 երկրների՝ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Իտալիայի և Կանադայի արտգործնախարարները երկուշաբթի օրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ուր նշված է, որ Ռուսաստանի զինված ուժերի՝ առանց նախապես ծանուցումների լայնածավալ տեղաբաշխումներն իրենցից ներկայացնում են սպառնալիքի ու անկայունության գործունեություն։ Մեծ յոթնյակի արտգործնախարարները Մոսկվային կոչ են արել դադարեցնել սադրանքները։

Նույն օրը իրավիճակը մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Կահիրեում Եգիպտոսի արտգործնախարարի հետ մամուլի համատեղ ասուլիսում Լավրովն ասել է, թե Միացյալ Նահանգների ռազմական ակտիվությունը՝ ներառյալ Սև ծով նավեր ուղարկելը, կանոնավոր բնութ է կրում, իսկ հիմա դա արվում է առանձնակի համառությամբ ու ագրեսիվ հռետորաբանությամբ։

«Հարց են տալիս, թե իսկ ի՞նչ է անում Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի սահմանի մոտ։ Պատասխանը շատ պարզ է՝ մենք այնտեղ ապրում ենք, դա մեր երկիրն է։ Իսկ թե ի՞նչ է անում Միացյալ Նահանգները իր նավերով, զինծառայողներով, որոնք մշտապես Ուկրաինայում ՆԱՏՕ-ի գծով ինչ-որ միջոցառումներ են կազմակերպում, իրենց սեփական տարածքից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ այս հարցը դեռևս մնում է անպատասխան», - ասել է Լավրովը։

Ուկրաինայի արևելքում իրավիճակը սկսել է սրվել փետրվարից։ Հրադադարի ռեժիմը հաճախ խախտվում է, հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին։ Ռուսաստանը զորք է կենտրոնացրել Ուկրաինայի սահմանի մետ։ Զորքերի տեղաշարժը Կրեմլը չի հերքում՝ ասելով, թե դա ոչ մեկին չպետք է անհանգստացնի։

XS
SM
MD
LG