Հայաստանի ֆոնդային բորսայում թույլատրվել է այս տարվա փետրվարին տեղաբաշխված եվրապարտատոմսերով (ծածկագիր՝ XS2010028939, բորսայական հապավում՝ EUBDB5) 586,6 միլիոն դոլար ընդհանուր ծավալով առևտուրը։
Թողարկողը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Ֆինանսների նախարարության։ Պարտատոմսերն ունեն 10 տարվա մարման ժամկետ և 3.6 տոկոս արժեկտրոնային եկամտաբերություն, որն ավելի ցածր է, քան նախորդ թողարկման պարտատոմսերի դեպքում, ասված է Հայաստանի ֆոնդային բորսայի՝ AMX-ի հաղորդագրությունում:
Եվրապարտատոմսերի վերջնահաշվարկը և ենթապահառությունն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Վերջինի գործընկեր Clearstream Banking Luxemburg-ի հետ համագործակցության շնորհիվ եվրապարտատոմսերը հասանելի են դարձել Հայաստանի ներդրողների համար:
Հայաստանի եվրապարտատոմսերը բորսայական առևտրին առաջին անգամ թույլատրվել են 2014 թվականին, երկրորդը՝ 2019-ին:
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը նաև երկրի Կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերն է: