Մատչելիության հղումներ

2020-ի կոռուպցիոն քրգործերով 26.6 տոկոսով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ենթարկվել քրեական հետապնդման


2020 թվականի կոռուպցիոն քրեական գործերով 26.6 տոկոսով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են քրեական հետապնդման ենթարկվել, հայտարարում է գլխավոր դատախազությունը` ամփոփելով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ 2019թ. հետ համեմատությամբ:

Այսպես, նախորդ տարի իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1810 նյութ, որոնցից 1232-ով հարուցվել են քրեական գործեր: Այսինքն 2019թ.-ի համեմատ 2020թ. 11.9 տոկոսով կամ 167-ով նվազել է կոռուպցիոն բնույթի դեպքերով հարուցված քրեական գործերի քանակը:

2020թ.-ին ավարտվել է կոռուպցիոն բնույթի 716 քրեական գործի վարույթ, որից 183 քրեական գործ՝ 410 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Տարվա ընթացքում վարույթում քննված կոռուպցիոն բնույթի 2535 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1356 անձ, ինչը 2019թ.-ի համեմատ ավելի է 7.3 տոկոսով։ Կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով և ավարտված քրեական գործերով շուրջ 223 տոկոսով կամ 2․5 մլրդ դրամի չափով ավելի վնաս է վերականգնվել:

Իսկ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի գործեր են, հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է շուրջ 227 մլրդ դրամ

2020թ.-ի ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 671-ը պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ են, ընդ որում՝ նրանց թիվը 2019թ.-ի համեմատ (530) ավելի է 26.6 տոկոսով: Դատախազության տեղեկացմամբ` նրանց թվում են Հայաստանի պաշտոնաթող նախագահ, ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր, նախարարներ, նախարարի տեղակալներ, Սահմանադրական դատարանի նախագահ, ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, սնանկության դատարանի դատավորներ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ԲՈՀ-ի նախկին նախագահ, ՀՀ ոստիկանության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, Պետական գույքի կառավարման վարչության պետ, նախկին դեսպան, գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարներ, բուժհաստատությունների տնօրեններ, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ, ՊՈԱԿ-ների տնօրեններ, դպրոցների տասնյակ ներկա ու նախկին տնօրեններ, փոխտնօրեններ, Սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ, տարածքային բաժնի պետեր, սոցիալական հաստատությունների տնօրեններ ու փոխտնօրեններ, ՀՀ ԶՈւ շուրջ մեկուկես հարյուր պաշտոնատար անձինք, այդ թվում զորամասերի հրամանատարներ, ՀՕՊ զորքերի վարչության նախկին պետ, Երևան քաղաքի վարչական շրջանի ներկա ու նախկին ղեկավարներ, տեղակալներ, համայնքների 100-ից ավելի ներկա ու նախկին ղեկավարներ, առանձին պետական ընկերությունների տնօրեններ և այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG