Ամեն ուրբաթ լույս է տեսնում ավելի քան 8 տասնամյակ պատմություն ունեցող, շատերի համար սպասված «Գրական թերթը»: Իր այս երկարամյա պատմության ընթացքում, սակայն, առաջին ագամ, ինչպես նշում է «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, այն անցյալ տարվա մարտի վերջից սկսեց տպագրվել հեռավար՝ չխախտելով ավանդույթը ամեն ուրբաթ օր ընթերցողին ներկայանալով միայն կայքէջում:
«Չէր հայտնվում կրպակներում, բայց կայքում շատ պարտաճանաչ դրվում էր, այսինքն` քովիդը նոր իրավիճակ ստեղծեց մեր խմբագրության համար. սկզբում աշխատանքային, որովհետև մենք լրիվ անցանք վիրտուալ տարածք, ինտերնետով անում էինք նյութերը, սրբագրելը, խմբագրելը, էջադրելը, այդ ամենը էկրանի վրա, այսինքն` մարդկային շփումը չկար, որ ինքնին արդեն սթրես է, հատկապես, երբ քո կոլեկտիվը լավն է, բոլորը սիրում են և աշխատանքը, և աշխատատեղը, և իհարկե, շատ կարևոր բանից զրկվեց գրական թերթը` հեղինակների կենդանի շփումից», - ասում է Խոդիկյանը:
Իհարկե, սա միակ բարդությունը չէր, կար նաև խնդրի ֆինանսական կողմը. «Թերթը եթե հազար տպաքանակ ուներ և իրացվում էր բավական բարձր տոկոսով, այդ օրերին և այդ ամիսներին, բնականաբար մարդիկ, որ վախեցած տնից դուրս չէին գալիս, մենք արագ անցանք առցանց լույս ընծայելուն, ինչը նշանակում է, որ թերթը չէր վաճառվում, բայց եթե տպագրված տարբերակով ծանոթանում էր թեկուզ հազար ընթերցող, ապա առցանց ամեն ամիս դիտումները 25-ից 30 հազարի էին հասնում` Ամերիկա, Ռուսաստան, Ավստրալիա, որը մի կողմից մխիթարական ինչ-որ բան էր մեր գործունեության համար»:
Սեպտեմբերի 27-ից հետո սկսված պատերազմն էլ իր հերթին մեծ ցավ ու ցնցում պատճառեց թե՛ մեր երկրին, թե՛ մեր ժողովրդին, թե՛ նաև մեր գրողներին ու «Գրական թերթի» աշխատակազմին. «Մինչև հիմա գրական թերթը, ինչպես մեր ամբողջ ժողովուրդը, մեր հեղինակները, մեր գրողներն իրենց ընթերցողների հետ նույն այդ տրամադրության տակ են, և եթե պատերազմի օրերին փորձում էինք մեկս մեկին ոգի տալ, դիմանալ, դիմակայել, ապա հետո խնդիրն եկավ հարվածից ուշքի գալու և գոնե հարցերին պատասխաններ ստանալու: Հիմա հերթական շրջադարձն է, առջևում արտահերթ ընտրություններն են, և «Գրական թերթը» հերթական հարցաշարն է սկսել, և մեր գրողները ամեն մեկն իր վերաբերմունքն ու կարծիքն է արտահայտում երկրի, իմ կարծիքով, շատ կարևոր իրադարձության մասին, որի լինել-չլինելը կամ ինչպիսին լինել-չլինելը դամոկլյան թրի նման կախված է մեր բոլորի գլխին»:
«Մարտից անցել ենք թղթային տարբերակին: Գիտենք, որ «Գրական թերթի» հավատարիմ ընթերցողներն արդեն վերադառնում են իրենց թերթին, թերթը վերադառնում է իրենց», - հավելում է նա:
«Ազատություն» - Ի վերջո, այս օրերին ամենակարևոր, ամենաբարդ խնդիրը թերթի համար ո՞րն է, բացի ֆինանսականից, բացի կրպակային առքուվաճառքից, այնուամենայնիվ, նյութը, էությունը, ի՞նչ է բերում թերթը մարդուն:
Կարինե Խոդիկյան - Այդ ամենն արտացոլված է թերթի ամեն մի համարում: Ցանկացած համար բացեք, և այդ օրերի, այդ շաբաթվա անգամ վերջին օրերի արձագանքը դուք կտեսնեք և՛ հրապարակախոսական էջերում, և՛ նույնիսկ գրականության մեջ, և հավատացեք, եթե տարիների հեռուից, ասենք մի 10-20 տարի հետո, «Գրական թերթը» կարդան, այս օրերն իրենց ընկալելի կլինի «Գրական թերթի» էջերում, այսինքն` թերթը հավատարիմ է մնում իր սկզբունքին, իր հավատամքին, որ ցանկացած իրադարձություն, ցանկացած դեպք արտացոլվի «Գրական թերթի» էջերում: Իհարկե, որպես գրականություն, որպես գրական ստեղծագործություն «Գրական թերթն» ունի հրապարակախոսության այն հարթակը, որտեղ ցանկացած գրող իր ասելիքը, ցանկացած մեկը գիտի, որ իր ասելիքը` ինչ էլ որ լինի այդ պահին, ինքը կարող է ուղարկել «Գրական թերթին», և դա հաջորդ համարին անպայման կլինի, այսինքն` մեր գրողների մտածումները, տագնապները, անգամ զգուշացումները, խրատները «Գրական թերթի» էջերում արձանագրված են:
Իհարկե, ես գիտեմ` դժվար ժամանակներ են, և մի կողմից կարելի է լսել` լավ, այս ամեն ինչի մեջ ի՞նչ գրականություն, բայց մյուս կողմից ավելի համոզիչ հնչում է մյուս պատասխանը` հենց այս օրերինէ երևի գրականությունը պետք, հենց այս օրերին է գրողի խոսքը պետք: Եվ ես հիմա` այս ամիսներին, շատ հաճախ անդրադառնում մեր պատմությանը, անցյալին, նաև կարդում եմ մեր գրողներին, օրինակ` Իսահակյանի 19 թվականի մի նամակ` ուղղված Օհանջանյանին, երբ գրում է, թե ինչպես պետք է պահել Սյունիքը և Ղարաբաղը, և գիտեք` նա մարգարեանում է, որ ղարաբաղցուն պետք է փրկել, որովհետև մելիքի որդիները հերթական անգամ կփորձեն այն տալ Ռուսաստանին: Գրողը հենց այնպես ոչինչ չի գրում, և 100 տարի առաջ ասված Իսահակյանի խոսքը կամ մեր օրերին մեր կողքին ապրող գրողի ասված խոսքը միշտ հրատապ է, միշտ արդիական է: