Հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգին են անդրադարձել նախագահ Արմեն Սարգսյանը և Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին երեկ կայացած հանդիպման ժամանակ։
Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Երևանում ԱՄՆ դեսպանատունը, իր հերթին, Թվիթերում տեղեկացնում է, որ դեսպանն ու նախագահը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին Միացյալ Նահանգների աջակցությունը։
Լին Թրեյսին նաև «ընդգծել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ ներգրավվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև կարգավորման գործում, և վերահաստատել Ադրբեջանից հայ ձերբակալվածների ապահով վերադարձի կարևորությունը», նաև ասված է դեսպանատան հաղորդագրությունում։