Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն հայտնում է՝ ավարտվել է 255 միլիոն 824 հազար 768 դրամ հափշտակելու դեպքի առթիվ քրգործի նախաքննությունը


Պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, պետությունից խարդախության եղանակով 255 միլիոն 824 հազար 768 դրամ հափշտակելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

ՀՔԾ-ն հայտնում է՝ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության և ՀՀ ոստիկանության միջև կնքվել է ճանապարհային գծանշումների, ինչպես նաև նշանների և լուսացուցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման ու շահագործման աշխատանքների մատուցման վերաբերյալ 1 միլիարդ 589 միլիոն 864 հազար դրամ արժողությամբ երեք պայմանագիր:

«Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, համաձայն հաղորդագրության, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, 2018-2019 թվականների ընթացքում, ի կատարումն վերը նշված պայմանագրերի «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃԵԿՀ բաժնի պետ Կոստանտին Կոստանյանից ստացված առաջադրանքների հիման վրա, տեխնիկական բնութագրերով նախատեսված որակական, քանակական և ծավալային պայմաններին էականորեն չհամապատասխանող ծառայություններ մատուցելու արդյունքում, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող պայմանագրերի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրություններում ու դրանց վերաբերյալ հարկային հաշիվներում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով և այդ փաստաթղթերն օգտագործելով՝ խաբեության եղանակով պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 255 միլիոն 824 հազար 768 դրամ:

«Նույն ժամանակահատվածում Կոստանտին Կոստանյանը, ով ի պաշտոնե պարտավոր է եղել հսկողություն իրականացնել վերը նշված աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ և ընդունել տեխնիկական բնութագրերին համապատասխան կատարված աշխատանքները, ծառայության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես` վերջինս աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն չի իրականացրել, ընդունել է տեխնիկական բնութագրերով նախատեսված որակին և պայմաններին չհամապատասխանող կամ ընդհանրապես չկատարված աշխատանքները, ստորագրել է դրանց վերաբերյալ կազմված հանձնման-ընդունման արձանագրությունները: Այդ արձանագրությունների հիման վրա ՀՀ ոստիկանության կողմից «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության բանկային հաշվին փոխանցման եղանակով անհիմն վճարվել է 255.824.768 ՀՀ դրամ, որով պետությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող գույքային վնաս», - ասված է հաղորդագրությունում:

Հակոբ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 1-ին մասով, իսկ Կոստանտին Կոստանյանին` 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Հանցագործությամբ պատճառված վնասը` 255 միլիոն 824 հազար 768 դրամը, ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվին:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG