Մատչելիության հղումներ

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանն իրականացնում է «Դեմիրճյանի «Հայը» և այլ հայապատումներ» ծրագիրը


Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյան

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանի համոզմամբ, համավարակի և պատերազմի հետևանքով աննախադեպ աղետալի 2020 թվականին թանգարանը դիմակայեց ամենատարբեր ձեռնարկներով՝ հիմնականում հեռավար հարթակում փորձելով պրպտել ու գտնել մարդկանց հետաքրքող ամենատարբեր նախագծեր՝ օրինակ Դեմիրճյանի հարկի ներքո հյուրընկալելով ժամանակակից հայ գրողներին:

«Մենք մեկնարկեցինք մի շարք, որը «Ժամանակակից գրողը դասական Դերենիկ Դեմիրճյանի տանը»։ Մենք Դեմիրճյանի աշխատասենյակում հյուրընկալել ենք մերօրյա գրողների՝ Դավիթ Մուրադյան, Հովիկ Հովեյան, Խաչիկ Մանուկյան, Ալիս Հովհաննիսյան, Սիրանույշ Գալստյան, Դիանա Համբարձումյան, Նանե, Սաթենիկ Ավետիսյան։ Թող ներեն նրանք, ում անունները չտվեցի, որովհետև շարքը շարունակական է։ Մարդիկ Դեմիրճյանի աշխատասենյակում կարդում են իրենց գործերից, մենք տեսագրում ենք, հեռարձակում ենք։ Պատկերացրեք, բավական հաճելի արձագանքներ են լինում, որովհետև մեր թանգարանը գրական հանդիպումների վրա կենտրոնացած, այդպիսի ուղղվածություն ունեցող թանգարան է։ Մենք ոչ միայն Դեմիրճյանին ենք արժեվորում, այլև այն գրողներին, որոնք դեմիրճյանական ազգային, հայկական, հայրենասիրական գիծն են շարունակում։ Մենք այս իմաստով, բարեբախտաբար, կոսմոպոլիտ չենք, մենք ընտրում և մեր տանը մեծարում ու տեղ ենք տալիս մեր այն գրողներին, ովքեր իրենց հայ են զգում և ովքեր հայապահպանությանն են նպաստում։ Կարողանում ենք ժամանակակից գրական դաշտը ակտիվ պահել Դեմիրճյանի տուն-թանգարանում», - «Ազատության» հետ զրույցում ասում է Ռաֆայելյանը։

Բացի ամենատարբեր ծրագրերի իրականացումից, Դեմիրճյանի տուն-թանգարանը մի աշխույժ մշակութային կենտրոն է նաև դպրոցահասակների և ուսանողների համար․ - «Մարդիկ միանգամից ուղղորդվեցին դեպի դեմիրճյանական մանկագրությունը։ Այս ամիսների ընթացքում մենք բազմաթիվ դասեր, միջոցառումներ, կրթական ծրագրեր, պարզապես թեմատիկ էքսկուրսիաներ ենք ունեցել, որոնք վերաբերել են Դեմիրճյանի մանկական ստեղծագործություններին։ Անիմացիաների տեսքով դրանք ներկայացվում են։ Բարեբախտաբար, թանգարանը վերանորոգումից հետո զինված է նաև տեխնիկապես․ մենք ունենք էկրան, ցուցադրում ենք այդ նյութերը, երեխաները, բացի էքսկուրսիային մասնակցելուց, բացի այս կամ այն թեմատիկ միջոցառմանը մասնակցելուց, նաև կարողանում են դիդակտիկ նյութերի հետ առնչվել էկրանի միջոցով»։

Կարինե Ռաֆայելյանը շեշտում է նաև, որ Դերենիկ Դեմիրճյանն այն հեղինակներից է, որն իր ողջ ստեղծագոծությունը կառուվել է գենետիկ հիշողության վրա, և իրենք բազմաթիվ ծրագրեր են իրականացնում նաև հենց այդ սկզբունքով․ - «Ուզում եմ հիշատակել պատերազմից հետո մեր առաջին հավաքը, որ տեղի ունեցավ։ Կոչվում էր «Դեմիրճյանի «Հայը» և այլ հայապատումներ»։ Մենք անդրադարձել ենք Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» էսսեին և նրան առնչվող այլ ստեղծագործություններին, որոնց հեղինակներն են Գարեգին Նժդեհը, Աղասի Այվազյանը, Վիլյամ Սարոյանը, Հրանտ Մաթևոսյանը, Վանո Սիրադեղյանը։ Շատ են այդ ստեղծագործությունները, բայց մենք ընտրել էինք միայն այս հեղինակներին, որոնք ունեն ընդհանուր աղերսներ Դեմիրճյանի «Հայի» հետ։ Մենք դրանք էլ ժամանակի ընթացքում մեր թանգարանի էջում կհրապարակենք։ Մեզ մոտ նաև հյուր եղավ քոլեջի շրջանավարտ տղա, որը մասնակցել էր 44-օրյա պատերազմին, և մեզ համար մեծ պատիվ էր հերոս հայորդուն Դեմիրճյանի հարկի ներքո այդ ծրագրի շրջանակներում հյուրընկալելը։ Հայտնվել եմ մարդիկ, որոնք փորձում են փնտրել մեր պատմության այս կամ այն անցքերի արմատները և տենդագին որոնում ու չեն գտնում։ Գտնելու ճանապարհներից մեկը Դեմիրճյանի թանգարան գալն է և Դեմիրճյանի ստեղծագործությանը ծանոթանալը։ Եվ այդ ձևով կարելի է հասնել նրան, որ անհայրենիքների թափառող ուրվականը, որ այսօր թափառում է մեր երկրում, պարարտ հող չի գտնելու իր ոտքի տակ։ Որովհետև կան էսպիսի թանգարաններ, որովհետև կան մարդիկ, որոնք մտածում են այնպես, ինչպես Դեմիրճյանն է մտածել սրանից տասնամյակներ առաջ, հարյուրամյակից ավելի առաջ։ Եվ մենք մեր ուղին գիտենք որտեղից է սկսվում և գիտենք դեպի ուր ենք գնալու։ Ուզում եմ, որ իրենց տեղը, իրենց ինքնությունը որոնող ու չգտնող մարդիկ, եթե ունեն իսկապես ցանկություն այդ ինքնություն գտնելու, կապվեն այս թանգարանի հետ։ Դա նրանց կօգնի։ Եվ մեծ հաշվով նպաստավոր կլինի մեր երկրի ու մեր ժողովրդի համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG