Մատչելիության հղումներ

Հայաստանի և Արցախի ղեկավարները, Վեհափառը ուղերձներ են հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս շնորհավորական ուղերձներ են հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է․ - «Արդեն երկու տարի անընդմեջ այս տոնը մենք անցկացնում ենք բարդ ժամանակաշրջանում. նախ համավարակը, ապա նաև Արցախի դեմ սանձազերծված պատերազմը բոլորիս պահեցին տագնապի և ցավի մեջ: Այս ծանր ժամանակաշրջանում դուք ձեր ուժով և էներգիայով կարողանում եք գոտեպնդել ձեր ընտանիքներին, մտերիմներին, միմյանց, ինքներդ էլ մնալ ամուր` ձեր ուսերին կրելով ծառացած խնդիրների ու դժվարությունների ծանր բեռը՝ տանը, ռազմի դաշտում, բուժհաստատությունում, ուսումնական հաստատությունում, աշխատանքային և հանրային ցանկացած ոլորտում, որտեղ գործունեություն եք ծավալում»։

«Սիրելի մայրեր, խոնարհվում եմ ձեր առաջ՝ այն դաստիարակության և կրթության համար, որ դուք տալիս եք ձեր զավակներին` մեր երկրի արժանի քաղաքացիներին։ Խոնարհումի առանձնակի խոսքեր եմ հղում Արցախյան պատերազմներում նահատակված մեր եղբայրների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին:

Հասկանում եմ, որ ոչինչ չի կարող սփոփել ձեզ, բայց և վստահ եմ՝ ուժեղ, ծաղկուն, ինքնավստահ ու զարգացող հայրենիքն է, որ պիտի սպեղանի դառնա ձեր վերքերին:

Սփոփանքի խոսքեր եմ հղում մեր գերեվարված հայրենակիցների մայրերին, կանանց, դուստրերին և քույրերին. մենք ամեն հնարավորն արել եւ անում ենք՝ մեր եղբայրներին հայրենիք վերադարձնելու համար: Ցավով եմ հիշում, որ մեր գերեվարված հայրենակիցների մեջ դեռևս կին կա, և իմ ցավը թող ուժ ու կորով դառնա նրա ու մեր բոլոր գերեվարված հայրենակիցների համար՝ միասին հաղթահարելու այս փորձությունը», - իր ուղերձում գրել Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ «միասին՝ ուս ուսի տված, կկարողանանք մեր երկիրը ոտքի կանգնեցնել` աշխատելով հանուն զարգացող, շենացող ու առաջ նայող Հայաստանի ու Արցախի»։

«Վստահ եմ` որևէ դժվարություն չի կարող ընկճել ձեզ։ Հայրենիքը շեն ու բարեկեցիկ, ազատ ու երջանիկ տեսնելու մեր ոգին երբեք չի հանձնվի», - իր ուղերձն ամփոփում է Հայաստանի վարչապետը։

«Խոնարհումս և երախտագիտության խոսքերս բոլորիդ»:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ևս իր շնորհավորումն ու բարեմաղթանքներն է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Ըստ նախագահի գրասենյակի՝ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է․ - «Դուք առաջինն եք լսում նոր կյանքի ձայնը և զգում կորստի ցավը: Խոնարհումս և երախտագիտության խոսքերս բոլորիդ:

Թե խաղաղ և թե տագնապալի, առավել ևս պատերազմական ժամանակներում մայրերը եղել են հայրենիքի կարևորագույն հիմնասյունը: Եվ եթե նույնիսկ այդ հենասյունը ցավից սասանվել է, երբեք չի կոտրվել ու շարունակել է ամուր պահել ընտանիքի, օջախի, երկրի հիմքը:

Մայրական անվերջանալի սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու աջակցությունն ամենաարժեքավոր նվերներն են, որ ստանում ենք մեր կյանքում:

Կարողանա՛նք այդ ամենը ոչ միայն արժանապատվորեն փոխադարձել մայրերին, այլև փոխանցել մեր սերունդներին, փոխակերպել հայրենիքի հանդեպ սիրո:

Եղեք առողջ ու երջանիկ, սիրելի՛ մայրեր»:

«Իմ մաղթանքն է, որ ձեր տված սերն ու ջերմությունը վերադարձվեն ձեզ բազմակի անգամ»

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած ուղերձում գրել է․ - «Սովորաբար այս օրը մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու երախտագիտության անկեղծ ու ջերմ խոսքեր, մաղթում, որ լինեք միշտ առողջ, ուրախ ու երջանիկ, որ խաղաղություն տիրի ձեր օջախներում և հայրենիքում։ Սակայն, այսօր իրարամերժ զգացմունքները ծանրացել են մեր հոգիներում․ մի կողմից՝ անասելի ցավն ու կսկիծը, տառապանքն ու դառնությունը, որ հնարավոր չէ մեղմել ոչ մի խոսքով, իսկ մյուս կողմից՝ նոր ուժ գտնելու և վերապրելու հրամայականը, որ ծառացած է բոլորիս առջև։

Այսօր ես նախևառաջ գլուխ եմ խոնարհում բոլոր այն մայրերի, քույրերի, կանանց ու դուստրերի առջև, ում մերձավորները նահատակվել են հանուն հայրենիքի պաշտպանության, նրանց, ովքեր դեռ սպասում են իրենց հարազատներին՝ հոգու խորքում փայփայելով հույսի շողը, որ նորից կտեսնեն ու կգրկեն իրենց սիրելիներին։ Թող իրականություն դառնան ձեր նվիրական երազանքները, և թող այլևս արհավիրքները շրջանցեն ձեզ՝ ձեր կյանքի ճանապարհին»։

«Հայ կինը միշտ աչքի է ընկել իր տոկունությամբ, իմաստնությամբ, անմնացորդ ու անձնազոհ նվիրվածությամբ։ Իմ մաղթանքն է, որ ձեր տված սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու բարությունը վերադարձվեն ձեզ բազմակի անգամ։ Աստված պահապան լինի ձեզ և ձեր ընտանիքներին», - ասված է Արցախի նախագահի ուղերձում։

«Բարձրյալի զորակցությունն ենք հայցում ազգիս բոլոր զավակներին, ի մասնավորի արցախյան նոր պատերազմի կորուստների ու արհավիրքների ցավը կրող մայրերին, քույրերին ու դուստրերին»

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ ուղերձ է հղել Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը։

Ուղերձում, որը հրապարակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, մասնավորապես ասված է․ - «Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը պետական տոնակարգում հաստատված է որպես մայրության, գեղեցկության և սիրո տոն։ Այս օրը մեր եկեղեցիներում կատարում ենք օրհնության կարգ մայրության բերկրանքին սպասող կանանց համար, մաղթանքով, որ Աստված շնորհաշատ զավակներ պարգևի և լիառատ պահի սերն ու համերաշխությունը ընտանեկան հարկի ներքո։ Հոգենորոգ տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում բոլորին, ի մասնավորի՝ մայրության բերկրանքին սպասող կանանց»։

«Մեր ժողովրդի համար դժվարին այս օրերին Սուրբ Հոգու սփոփանքն ու Բարձրյալի զորակցությունն ենք հայցում ազգիս բոլոր զավակներին, ի մասնավորի արցախյան նոր պատերազմի կորուստների ու արհավիրքների ցավը կրող մայրերին, քույրերին ու դուստրերին։

Աղոթում ենք, որ Տիրամոր բարեխոսությամբ հարուցյալ Փրկիչը խաղաղություն ու բարօրություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու հավատավոր ժողովրդին։ Թող Տիրոջ հանապազ պահպանությունն ու շնորհները հովանի լինեն մայրության բերկրանքին սպասող կանանց, որ աստվածպաշտության, հայրենանվիրումի ու ազգանվիրումի ոգով սնեն ու դաստիարակեն իրենց զավակներին, և Աստված բոլոր կանանց, մայրերին ու քույրերին պարգևի երջանկություն, բարօրություն ու ամենայն բարիք, այսօր և միշտ. ամեն», - ասված է Վեհափառի ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG