Երուսաղեմում այսօրվանից վերսկսվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կոռուպցիայի գործով դատավարությունը:
Վարչապետին մեղադրում են կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մեքենայություններ կատարելու և հանրության վստահությունը խախտելու համար:
Դատախազ Լիատ Բեն-Արին այսօր ասել է, թե «վարչապետը յուրայիններին բաժանել է արտոնություններ, որոնք նրա համար վճարելամիջոց էին դարձել»:
Դատական նիստը վերսկսվել է վարչապետի համար բարդ ժամանակաշրջանում, երբ վերջերս տեղի ունեցած թվով արդեն չորրորդ արտահերթ ընտրությունների արդյունքում նրա ղեկավարած «Լիկուդ» կուսակցությունը վերստին չի ստացել միակուսակցական կառավարություն կազմելու համար անհրաժեշտ քվեներ, և նրա վարչապետությունը կասկածի տակ է հայտնվել:
Նիստի ընթացքում Երուսաղեմի դատարանի շենքի մոտ Նեթանյահուի հրաժարականի պահանջով բողոքի ցույց է կազմակերպվել:
Բենյամին Նեթանյահուն պնդում է, որ քաղաքական ընդդիմախոսներն իրեն փորձում են վարկաբեկել, նա հերքում է բոլոր մեղադրանքները և այս դատական գործը «վհուկաորս» է անվանում: