Իսրայելի գլխավոր դատախազությունը մտադիր է կոռուպցիայի փաստով ընթացող երեք տարբեր հետաքննությունների շրջանակներում մեղադրանք ներկայացնել վարչապետ Բենյամին Նեթանյահուին:
Իսրայելի հեռուստատեսությունը, հղում անելով արդարադատության նախարարությանը, երեկ հաղորդել է, որ վարչապետը կարող է մեղադրվել կաշառքի, զեղծարարության և պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվադծներով:
Կոնկրետ մեղադրանքը հստակ կդառնա վարչապետի համար պարտադիր հարցաքննությունից հետո, որի ընթացքում նրան կտրվի վերագրվող օրինազանցությունները փաստերով հերքելու հնարավորություն:
Ենթադրվում է, որ դատական լսումները տեղի կունենան ապրիլի 9-ի խորհրդարանական ընտրություններից հետո:
Նեթանյահուն մտադիր է այդ ընտրությունների արդյունքում 4-րդ անգամ ստանձնել վարչապետի պաշտոնը:
Նեթանյահուն հեռուստաելույթում իրեն վերագրվող ապօրինություններն անվանել է «վհուկաորս» և պնդել է, որ «կմաքրի ազնիվ անունը»:
«Դուք կտեսնեք, որ այդ թղթե տնակը մի ակնթարթում կքանդվի», - ասել է վարչապետը:
Նախօրեին Իսրայելի գերագույն դատարանը մերժել է վարչապետին մեղադրանք ներկայացնելն արգելելու «Լիկուդ» կուսակցության դիմումը: Գերագույն դատարանը հայտարարել է, որ նման դիմումը «կոպիտ և անընդունելի միջամտություն է դատական գործընթացին»: