Մատչելիության հղումներ

Պատրիարք Կիրիլը Մեծ Զատկի առիթով շնորհավորել է հայ հավատացյալներին


Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, Քրիստոս Ամենափրկիչ տաճար, Մոսկվա, արխիվ
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, Քրիստոս Ամենափրկիչ տաճար, Մոսկվա, արխիվ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը երեկ Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով շնորհավորել է տոնը Գրիգորյան տոմարով նշող հավատացյալներին: Պատրիարքի ուղերձը տեղադրված է Ռուս Ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքէջում:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Գրիգորյան տոմարով առաջնորդվող եկեղեցիներն այս տարի ապրիլի 4-ին են նշել Փրկչի Սուրբ Հարությունը (Մեծ Զատիկը):

Հայ Առաքելական եկեղեցին նույնպես այս տարի Հարության տոնը նշել է ապրիլի 4-ին՝ սեփական տոմարով, որն ըստ Հայոց մեծ թվականի, հաշվարկվում է Գրիգորյան տոմարի 552 թվականից:

«Ընդունեք մեր շնորհավորանքները Տիրոջ Զատկի տոնի առիթով: Այս դժվար ժամանակներում մեր սրտերը ջերմացնում է ուրախությունը, որը բերում է Փրկչի Հարության լուրը: Թող Ամենազորի առատաձեռն օգնությունը ձեզ ուղեկցի ձեր հետագա պատասխանատու աշխատանքում», - ասվում է Ռուսաստանի հոգևոր առաջնորդի ուղերձում:

Պատրիարքը երեկ նաև դիմել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Աղոթում եմ սրտիս հոգեհարազատ Հայաստանում խաղաղության և ներդաշնակության շուտափույթ գահակալման համար», - նշվում է Հայաստանի ղեկավարներին հասցեագրված Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձում:

ՏԱՍՍ-ը նշում է, որ Մեծ Զատիկը եկեղեցական պատարագային տարվա ամենահին և ամենակարևոր տոնն է ՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությանը: Այն սկսվում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնից հետո առաջին կիրակի օրը:

XS
SM
MD
LG