Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Զինվորի ծնող» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների, հայտնում է նախագահի աշխատակազմը:
Նախաձեռնության ներկայացուցիչները նախագահին են ներկայացրել իրենց մտահոգող հարցերը, որոնք մասնավորապես վերաբերել են ժամկետային զինծառայողների բարոյահոգեբանական աջակցությանը, պետության կողմից նրանց նկատմամբ ուշադրությանը, ինչպես նաև իրավական մի շարք հարցերի:
Նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների շրջանակում ամեն ինչ անել աջակցելու համար: «Ձեր երեխաները թանկ են բոլորիս համար: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի նրանք դա զգան և հասկանան, որ իրենց արածը գնահատվել ու գնահատվում է պետության կողմից»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Արմեն Սարգսյանն առաջարկել է պարբերաբար հանդիպումներ ունենալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, արձանագրել բոլոր խնդիրները՝ հնարավորինս նպաստելու դրանց լուծմանը: