Մատչելիության հղումներ

Կառավարությունը շարունակում է մարտական գործողությունների մասնակիցների, ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձի փոխհատուցումը


Կառավարության նիստերից մեկը, արխիվ

Գործադիրը շարունակում է պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների, ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձի փոխհատուցման գործընթացը։

Ըստ Կառավարության՝ այսօրվա դրությամբ համապատասխան որոշմամբ ուսման վարձի փոխհատուցման նպատակով տրամադրվել է 205 մլն դրամ՝ 1373 շահառուների: Որոշմամբ նախատեսվում է տրամադրել ևս 590 մլն դրամ՝ 2 հազար 840 շահառուների:

«Այն ժամանակ, երբ ընդունում էինք որոշումը, մենք նկատի ունեինք 2020-2021թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակը, բայց հետագայում ձևափոխվեց այնպես, որ ուղղակի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում կտրվի, որովհետև կան ուսանողներ, ովքեր հիմա շարունակում են ծառայությունը: Նրանք ծառայությունից կվերադառնան և ուսանողի կարգավիճակը կվերականգնեն 2021-2022թթ. ուսումնական տարում: Նրանց այդ իրավունքը կպահպանվի, այսինքն` դա ժամանակի հետ կապված չէ», - այսօր ասաց վարչապետն ՝ ընդգծելով․ - «Մենք ֆինանսավորումն ավելացնում ենք ծրագիրը շարունակելու համար և այն կիրականացվի այնքան, ինչքան կպահանջվի, որպեսզի բոլոր 7 հազար շահառուներին մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցենք»։

XS
SM
MD
LG