Մատչելիության հղումներ

Թանկ ձու Զատիկից առաջ. հանձնաժողովը պատճառները կպարզի 90 օրում


Ձվի ցուցափեղկը ծանր տրամադրություն է ստեղծում, գնորդները թարս նայում, արագ հեռանում են, որոշ քաղաքացիներ էլ վերլուծական հայացքով գներն են զննում, հեռանում դարձյալ դատարկաձեռն: 1 խոշոր ձուն խանութներից մեկում արժե 125 դրամ, փոքրիկը` 87 դրամ: Խոստացել էին էժանացնել, զայրանում է տիկին Իվետան. «Լսել եմ, որ էժան է, էժանացրել են և 15 հատից ավելի չեն տալիս, գները նայեք, ձվերը` 125 դրամ, 207 դրամ, 110 դրամ»:

Քաղաքացիները երկու օր առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահից լսեցին՝ խուճապի մի մատնվեք, ձու կլինի, և գինը կիջնի. «Խոսել եմ տնտեսվարող սուբյեկտների հետ, վերջիններս հայտնել են, որ այսօրվանից սկսած մեծ խմբաքանակ ձու կմատակարարվի, այսինքն` արտադրական ծավալներն են մեծացնում, և գինը կիջնի, այսինքն` Զատիկից առաջ փոփոխություն տեղի կունենա», - ասել է Գեղամ Գևորգյանը:

Քաղաքացիներն առայժմ փոփոխություն չեն նկատում և չեն կարծում, թե մինչև Զատկի տոնը ձվի գինը կնահանջի. «Ո՞նց գնեի, ընտանիքի անդամներով 7 հոգի ենք, ես ինչքա՞ն ձու գնեմ, որ...մինչև հիմա մեր աշխատավարձը չեն տվել փետրվար ամսվա: Եթե չեն էժանացնելու, ստիպված պետք է գամ, մի տուփ գնեմ, ի՞նչ անեմ, փոքրիկ երեխաներ ունենք»:

«Իհարկե, թանկ է, թոշակառու եմ ես», - ասում է մյուսը:

«Թանկացել է, էլի կէժանանա, ի՞նչ է եղել, Զատիկ է, թանկացել է, մի քիչ հետո կէաժանանա, դրանից մի տխրեք», - քաղաքացիներից մեկն է խորհուրդ տալիս:

Տնտեսական մրցակցության հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել՝ 7 խոշոր թռչնաֆաբրիկաների նկատմամբ: 90 օրում պետք է պարզեն՝ ձվի գինն արդարացի բարձրացավ, թե հակամրցակցային խաղեր կան:

«Արդյոք դեֆիցիտ կա, թե արհեստական է, արդյոք միջնորդ կազմակերպությունն արհեստական դեֆիցիտ է ստեղծում, արդյոք կա հակամրցակցային համաձայնություն, թե գա գերիշխող դիրքի չարաշահում, և արդյք գնային բարձրացումը օբյեկտիվ է», - նշել է ՏՄՊՊՀ նախագահը:

Համաշխարհային շուկայում կերը թանկացել է, բայց հանձնաժողովը դեռ պետք է պարզի՝ ձվի գնային տատանումը համաչափ է, թե ոչ: Նկատել են նաև խոշոր սուպերմարկետներից արկղերով հավկիթ կրող մարդկանց, միտումնավոր դեֆիցիտ են ստեղծում, թե տանում են այլ վաճառակետեր, սա էլ դեռ պարզ չէ:

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը ձվի գնային փոփոխության պատճառ է համարում նաև այն, որ կովիդի պատճառով ֆաբրիկաները ճտեր չեն ներկրել. «Երկու անգամ գլխաքանակը պիտի թարմացնեինք ածանների, մենք չենք կարողացել մի հատ ճուտ ներկրել, պայմանագրերն ունեցել ենք, բայց փակ է եղել երկիրը: Ոչ թե Ռուսաստանից ենք բերել, երրորդ երկրներից ենք բերել, բավականին թանկ»:

Հիմա մեկ շաբաթ առաջ այդ ուշացումով ներկրված ճտերը սկսել են ձու ածել, որն էլ արդեն մտնում է խանութներ։ Թռչնաբույծների միության նախագահը այսօր շրջել է խանութներով և տեսել ձվեր, որ վաճառվում են 73 դրամով: Արտադրողների հետ ամեն ինչ անում ենք, որ ծավալները վերականգնենք, ձուն խանութներում սահմանափակ քանակով չվաճառվի, ու գինն էլ կայունանա, ասում է Ստեփանյանը։ Նա նկատում է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ ձվի պահանջարկը մեծացել է՝ առաջիկա տոնից անկախ. սննդարար մեթերքների մեջ ձուն համեմատաբար մատչելի էր: Քաղաքացիներն ասում են` շատ էին օգտագործում, հիմա կրճատել են, քանի որ թանկացել է, հավելում են` ամեն ինչն է թանկացել:

Թանկացած մթերքների շարքը ընդարձակ է, բայց ձվի գնային վարքի մասին խոսելիս քաղաքացիներն առանձին տողով կանաչեղենն են շեշտում. «Թարխունն էլ է, օրինակ, շատ թանկ, որ էլի առանց թարխունի մի քիչ այն չի չէ ձուն ուտելը, թարխունն էլ 180 դրամ է»:


XS
SM
MD
LG