Մատչելիության հղումներ

Այն նվազագույն վստահությունը, որ ունեցել է դատական համակարգը, կրկին անկում է ապրում․ իրավապաշտպան


Իրավապաշտպան Նինա Կարապետյանց
Իրավապաշտպան Նինա Կարապետյանց

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հրապարակել է իր ղեկավարած արտաքին գերատեսչության զեկույցը 2020 թվականին աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին։

Ամենամյազեկույցում անդրադարձ կա նաև Հայաստանին, մասնավորապես՝ 44-օրյա ղարաբաղյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումներին, դատաիրավական համակարգին։

Զեկույցում նշվում է նաև, որ «Հայաստանում քաղբանտարկյալների կամ կալանավորների առկայության մասին հավաստի հաղորդագրություններ չկան»:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կիսում է ԱՄՆ պետդեպի գնահատականը քաղաքական բանտարկյալների մասին։ Ավելին՝ իրավապաշտպանը նաև նշում է, որ ամբաստանյալի կարգավիճակում գտնվող Ռոբերտ Քոչարյանն ու մյուս տարբեր քրեական գործերով անցնող ընդդիմադիրներն էլ քաղաքական հետապնդման չեն ենթարկվում։ Ընդդիմադիրները, սակայն, շարունակում են հայտարարել քաղաքական հետապնդումների մասին։

«Մենք ժամանակին նույնպես տարբեր հարթակներում բարձրաձայնում էինք, բայց մենք կարողանում էինք հիմնավորել, թե ինչու է հենց էս անձը և էս գործողությունները, որոնք իրականացվում են էս անձի դեմ, հենց քաղաքական հետապնդում և ոչ թե քրեական հետապնդում։ Անգամ եթե դա քրեական հետապնդման էլեմենտների տակ էր քողարկված, մենք կարողանում էինք դա հիմնավորել։ Հիմա այդ հայտարարություններն անողները պետք է կարողանան գտնել, եթե ունեն, էդպիսի հիմնավորումներ», - «Ազատությանը» հետ զրույցում ասաց Կարապետյանըցը։

Ըստ Բլինքենի հրապարակած զեկույցի, 2018 թվականի իշխանափոխությունից հետո իրավապահ համակարգը չի բարեփոխվել, միայն ղեկավար կազմն է փոխվել, դրա հետևանքով էլ անցյալում կատարված հանցանքների գործերով քրեական հետապնդում չի եղել:

Նինա Կարապետյանցը այս հարցրերը միջազգային կառույցների առջև բարձրացրած իրավապաշտպաններից է։

Ըստ զեկույցի, հանրության վստահությունը դատավորների նկատմամբ շարունակում է ընկնել։ Պետդեպարտամենտի փորձագետները ընդգծում են՝ համակարգն անկախ և անկողմնակալ չէ։ Ավելին, հատուկ ընդգծվում է, որ արդարադատության ոլորտում մնացել են մեծ թվով պաշտոնյաներ, ովքեր ծառայել են նախկին իշխանություններին և կայացրել նրանց համար բացառապես բարենպաստ վճիռներ։

«Սա գալիս է փաստելու մեր այն տեսակետը, որ իսկապես գնալով այն նվազագույն վստահությունը, որ ունեցել է դատական համակարգը, կրկին անկում է ապրում ու շարունակում է դեռ գահավիժելով հեռանալ դեպի անդունդ», - ասաց իրավապաշտպանը։

Թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը անկում ապրեց, քանի որ աղմկահարույց գործերով տեսանելի դարձավ դատական համակարգի վիճակը, նշում է Կարապետյանցը՝ շեշտելով, որ եթե դատական համակարգը բարեփոխված լիներ, անհրաժեշտություն չէր լինի ստեղծել, օրինակ, հակակոռուպցիոն դատարաններ, - «Ներկայիս գործող իշխանությունը իսկապես այն ազդեցությունը չունի, որ ունեցել է նախորդ ռեժիմը, բայց դա չի նշանակում, որ դատարանները անկախ են։ Հիմա փորձում են որպես դատարանների անկախության էտալոն ներկայացնել այն, որ այս իշխանություններից կախված չեն։ Բայց դա չի չափանիշը, չափանիշը որևէ մեկից կախվածություն չունենալն է։ Եվ ակնհայտ է տարբեր տեսակի որոշումներով, որ ոչ միայն դատարանները, այլ նաև իրավապահ մարմինները, դատախազությունը, ես խորին համոզմունք ունեմ, որ իրենք կախվածություն ունեն նախորդ հանցավոր ռեժիմից։ Այն պարզ պատճառով, որ տարբեր գործեր մինչև այսօր չեն էլ բացահայտվում, որևէ առաջընթաց չկա։ Սկսած խաղաղ պայմաններում սպանված զինվորների գործերից և վերջացրած մեծ կոռուպցիոն գործերով»։

Պարգև Օհանյան
Պարգև Օհանյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով դատավորի պաշտոնից ազատված Պարգև Օհանյանը, սակայն, չի կիսում ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության գնահատականը, թե դատական համակարգը անկախ չէ։ Ընդհակառակը, նա պնդում է, թե դատավորները հիմա ավելի անկախ են, քան երբևէ։

Նախկին դատավորի կարծիքով, պետք չէ դատավորներին նախկին և ներկա տարանջատումով առանձնացնել։ Նախկինների օրոք աշխատածների մեջ էլ շատ պրոֆեսիոնալեր կան․ - «Եթե իշխանությունը որևէ, լինի դատական, լինի գործադիր, չունենալով իր վրա ազդեցություն, ռեալ իշխանական ազդեցություն, ինչ-որ կողմնորոշում է ցույց տալիս, այդտեղ ոչ մի մեղք չկա։ Չանկախությունը այն դեպքում է արձանագրվում, երբ մի իշխանությունը անկախ չէ մյուս իշխանությունից։ Էդ նույնն է, ոնց որ ասես դատական իշխանությունը ժողովրդից կախված է, ի՞նչ կարծիքի եք։ Բա պիտի կախված լինի։ Հիմա էդ նախկինը ժողովրդի մաս է կազմում և դատական իշխանության վրա ոչ մի լծակ չունի։ Եթե կարողանում է հարգանքով, գուցե ինչ-ինչ ձևերով իրեն ենթարկեցնել, որ ես կասկածում եմ իհարկե, միանշանակ չի։ Էդտեղ ոչ մի բան չկա»։

XS
SM
MD
LG