Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն պատերազմում զոհվածի գերեզմանի բարեկարգման պատրվակով 1,4 մլն դրամ հափշտակելու դեպք է բացահայտել


Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում, արխիվ
Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք բացահայտելու մասին։

Հաղորդագրության համաձայն՝ ԱԱԾ Արարատի մարզային վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Յու.Մ․-ն, ազգակցական կապերի բերումով տեղեկացված լինելով, որ մարզի Վանաշեն գյուղի բնակիչ Ռ.Հ․-ի թոռը զոհվել է արցախյան պատերազմի ընթացքում, խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով նամակագրական կապ է հաստատել Կանադայում բնակվող Ռ.Հ․-ի մտերիմ Ա.Գ․-ի հետ և, նրան ներկայանալով մահացած զինծառայողի հարազատների անունից, զոհվածի գերեզմանատան բարեկարգման և շիրմաքարի տեղադրման ծախսերը հոգալու պատրվակով խնդրել է գումար ուղարկել իրեն՝ այդ կերպ խեղաթյուրելով իրական փաստերը և մոլորության մեջ գցելով գույքի իրական սեփականատերերին, ինչի արդյունքում դրամական փոխանցումների համակարգով նրանցից ստացել է խոշոր չափերի՝ 1.399.329 ՀՀ դրամին համարժեք 2700 ԱՄՆ դոլար գումար և խաբեության եղանակով հափշտակել այն»:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Յու.Մ․-ն ձերբակալվել է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները և տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

ԱԱԾ-ն կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Յու.Մ․-ի նույնաբնույթ այլ գործողությունների արդյունքում, դիմել իրավապահ մարմիններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG