Մատչելիության հղումներ

Արցախի Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել The HALO Trust-ի վերաբերյալ քրեական գործը


The HALO Trust-ի աշխատակիցները ականազերծման աշխատանքներ իրականացնելիս, արխիվ

Արցախի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել The HALO Trust կազմակերպության մասին տարածված լուրերի առնչությամբ։ Իրավապահ մարմնից հայտնում են, որ նախաքննությունը սկսվել է այսօր, այլ տեղեկություններ չունեն հաղորդելու։

Քննչական կոմիտեն պարզելու է արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են երկու շաբաթ առաջ տարածված լուրերը, թե բրիտանական բարեգործական կազմակերպությունը ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։ Այս մասին, առանց տեղեկության աղբյուր հայտնելու, 24news-ին ասել էր էր Բորիս Ավագյանը, որը հասարակական հիմունքներով Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչն էր։ Նա այլևս այդ պաշտոնը չի զբաղեցնում, և արտահայտել է իր անձնական տեսակետը, տեղեկացանք Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանից:

«Բորիս Ավագյանն իրոք այս հայտարարությունն արել էր այն ժամանակ, երբ հասարակական հիմունքներով Արցախի նախագահի խորհրդականն էր, այդ ժամանակ Արցախի նախագահի անունից ես հայտարարություն եմ տարածել, որ պարոն Ավագյանը չի արտահայտել Արցախի նախագահի տեսակետը», - նշեց Ավանեսյանը:

Բորիս Ավագյանը նշել էր, թե բարեգործական կազմակերպության տրամադրած քարտեզների պատճառով ադրբեջանական ուժերը կարողացել էին «բարեհաջող անցնել ականապատված տարածքներով, քանի որ վտանգավոր տարածքները ուսումնասիրելու անվան տակ այս ընկերությունն իրականացրել էր հետախուզական գործողություններ Արցախի ամբողջ տարածքում»։

Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավո՞ր է, որ այս տեղեկությունները հրապարակած Ավագյանն ի պաշտոնե, նախագահականում աշխատելու բերումով տիրապետել է տվյալների, որոնք կարող էին նրան նման եզրահանգման հիմք տալ:

«Եթե ես ասեմ, որ կազմակերպությունը այսօր էլ շարունակում է իր գործունեությունը, կարծում եմ, պատասխանած կլինեմ հարցին: Համենայնդեպս կազմակերպությունը չի հայտարարել իր գործունեությունը կասեցնելու մասին, Արցախի կառավարությունն էլ չի դիմել նրանց, որպեսզի կասեցնեն իրենց գործուներությունը: Գործն իրավապահների տիրույթում է և այնպիսի հայտարարություն էր, որ իրավապահները չարձագանքել չէին կարող», - պատասխանեց Արցախի նախագահի խոսնակը:

The HALO trust-ը 2000 թվականից աշխատում է Լեռնային Ղարաբաղում, որտեղ ականազերծել է մոտ 500 ականապատված տարածքներ, այցելել է դպրոցներ ու իրազեկման ու կրթական ծրագրեր անցկացրել հարյուրավոր երեխաների ու մեծահասակների հետ, իսկ 2016-ի պատերազմից հետո արցախցիների տներից ու այգիներից հեռացրել է մարտերից մնացած պայթուցիկ առարկաներ, նշված է կազմակերպության կայքում, ըստ որի, ի դեպ, Ղարաբաղը մեկ բնակչի հաշվով ականներից ամենաշատ պայթյուններ ունեցած տարածքն է աշխարհում։

Այսօր «Ազատությանը» չհաջողվեց կապ հաստատել The HALO trust-ի ներկայացուցիչների հետ, սակայն ավելի վաղ կազմակերպությունը հայտարարություն էր տարածել՝ հերքելով տեղեկությունը և ավելացնելով, որ The HALO trust-ը կարողանում է աշխատել ողջ աշխարհի հակամարտության գոտիներում միայն այն պատճառով, որ այն «ոչ քաղաքական և չեզոք կազմակերպություն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG