Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին և հետպատերազմյան հետևանքներին՝ կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կշարունակեն իրենց ջանքերը ներդնել տարածաշրջանում կայունության հաստատման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդար կարգավորման ուղղությամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԱՄՆ դեսպանը քննարկել են գերության մեջ հայտնվածների ազատ արձակման և անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող միջոցների հարցը։ Ինչպես նաև քննարկվել են «գրավված և հանձնված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, սրբավայրերի պղծման և ոչնչացման փաստագրված միջադեպերը»։
Զրույցի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել համավարակի պայմաններում Հայոց Եկեղեցու իրականացրած ծրագրերին և կրած ազդեցություններին։
Կաթողիկոսը ի դեմս դեսպանի իր գնահատանքն է փոխանցել ԱՄՆ իշխանություններին՝ «համավարակի պայմաններում և հատկապես պատերազմյան ու հետպատերազմյան դժվարին շրջանում դեսպանատան միջոցով Հայաստանին և Արցախի ժողովրդին ցուցաբերվող հումանիտար աջակցության համար»։