Մատչելիության հղումներ

Չինաստանը մեծացնում է իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում


Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆ և Վան Ի, Թեհրան, 26-ը մարտի, 2021թ․
Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆ և Վան Ի, Թեհրան, 26-ը մարտի, 2021թ․

Չինաստանը կտրուկ կերպով մեծացնում է իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում։ Դա պարզ դարձավ շաբաթ օրը, երբ պաշտոնական այցով Թեհրան ժամանած Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ ստորագրեց շուրջ հինգ տարի բանակցված և մինչ օրս ամբողջությամբ չգաղտնազերծված «Ռազմավարական համագործակցության մասին» համաձայնագիրը։

25 տարի ժամկետով կնքված այս պայմանագիրը Չինաստանի և Իրանի հարաբերությունների աննախադեպ սերտացում է ազդարարում գրեթե բոլոր ոլորտներում՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական և թե՛ քաղաքական։

The New York Times-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը կնքված պայմանագրի համաձայն Չինաստանը պարտավորվում է առաջիկա 25 տարիների Իրանում շուրջ 400 միլիարդ դոլարի ներդրում կատարել՝ այդ թվում բանկային և հեռահաղորդակցության ոլորտներում, իրանական նավահանգիստներում և երկաթուղիներում։

Թերթի տեղեկություններով՝ զգալի ներդրումներ են նախատեսվում նաև առողջապահության և տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզներում։

Պայմանագրի առանցքային դրույթներից մեկն, ըստ արևմտյան աղբյուրների, վերաբերում է Թեհրանի և Պեկինի միջև ռազմական և անվտանգության ոլորտներում համագործակցության խորացմանը։ Մասնավորաբար՝ նախատեսվում է համատեղ զորավարժությունների անցկացում, սպառազինության համատեղ արտադրություն և հետախուզական տվյալների փոխանակում։

«Այս ամենի դիմաց, ըստ իրանցի պաշտոնյաների, Թեհրանը խոստանում է Չինաստանին անխափան կերպով նավթ վաճառել, այն էլ՝ շուկայականից զգալիորեն ցածր գներով», - գրում է The New York Times-ը՝ հիշեցնելով, որ առաջին անգամ նման համապարփակ պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Չինաստանի նախագահ Սի Ծինպինը՝ 2016-ի հունվարին Թեհրան կատարած պաշտոնական այցի ժամանակ։

Իրանի և Չինաստանի պաշտոնական շրջանակներում նման պայմանագրի ստորագրումը մեծ ոգևորություն է առաջացրել։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, օրինակ, Չինաստանի հետ կնքված այդ համաձայնագիրը որակել է որպես «լիարժեք ճանապարհային քարտեզ, որը հստակեցնում է երկկողմ հարաբերությունների զարգացումն առաջիկա 25 տարիներին»։

Չինաստանի արտգործնախարարի հավաստմամբ էլ՝ Պեկինը Թեհրանի հետ հարաբերություններում ամենաշատը գնահատում է այն իրողությունը, որ իրանական ղեկավարությունը զերծ է արտաքին ազդեցություններից։ «Իրանը այլ պետությունների հետ հարաբերությունների վերաբերյալ անկախ որոշումներ է կայացնում։ Այն նման չէ այլ պետությունների, որոնք իրենց որոշումները փոխում են մեկ հեռախոսազանգի ազդեցության տակ», - Թեհրանում հայտարարել է Վան Ին։

XS
SM
MD
LG