Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր շարժումը հայտարարում է` նահանջ չկա, վարչապետին հեռացնելու օրակարգը մնում է


Արխիվային լուսանկար

Մեր օրակարգով շարունակում ենք մեր պայքարը, նահանջ չկա, հայտարարում է վարչապետի հրաժարականը ամիսներ շարունակ պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը: Նա այսօր նախքան Բաղրամյան պողոտայում մեկնարկելիք հանրահավաքն ասաց, որ իրենց գործողությունները պայմանական բաժանվում են երեք փուլի:

«Առաջինը մինչև իր հրաժարականը, այսինքն` եթե իրականություն դառնա ընտրություններ նշանակելու հանգամանքը, վարչապետը պետք է տա հրաժարական, դա լինելու է ապրիլի 22-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն` առաջին փուլում մենք շարունակելու ենք մեր մարզային այցելություններն ավելի լայն թափով, անհնազանդության բողոքները կրկին շարունակվելու են, այսինքն` իր հեռացման պահանջը պետք է ավելի ամբողջացնենք և մարզերի մեր բնակչության հետ ավելի ամբողջացնենք», - ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը:

Հրաժարական տալուց հետո 14 օրերի ընթացքում պետք է ամեն ինչ անեն, որ վարչապետ Փաշինյանի դե յուրե հրաժարականը դառնա դե ֆակտո: Երկրորդ փուլն այսպես բնութագրեց Սաղաթելյանը` հավելելով. «Իրականում հրաժարական տալուց հետո հեռացվի, և ինքը ժամանակավոր պաշտոնակատար չլինի վարչապետի: Եթե այդ փուլում ինչ-ինչ պատճառներով մեր նպատակին չհասնենք, այդ ժամանակ նոր գալիս է ընտրական փուլը, և այդ ժամանակ արդեն հայտնի կդառնա` ընտրություն լինելու է, թե չէ: Այդ ժամանակ շարժման յուրաքանչյուր կուսակցություն ազատ է իր դիրքորոշման մեջ` մասնակցել ընտրություններին, թե չմասնակցել: Բայց ամենակարևորը` այդ ընտրությունները Նիկոլը դիտարկելու է կաշին փրկելու միջոց: Մենք պետք է ամեն ինչ անենք` դա թույլ չտալու համար»:

Ըստ շարժման համակարգողի` այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են ընտրություններին, դա պետք է դիտարկեն «դավաճանին հեռացնելու, հայրենիքը փրկելու ծրագիր ընտրությունների միջոցով»:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության հնարավորությանը, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ նման քննարկումներ չունեն, քանի որ նաև դեռևս նշանակված ընտրություններ չկան:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական երկրորդ ուժի` ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարի հետ հանդիպումից անմիջապես հետո: Ավելի վաղ նա հանդիպել էր խորհրդարանական մյուս ընդդիմադիրի` «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն հայտարարում են, որ մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Հիշեցնենք նաև, որ գրեթե մեկ ամիս երթևեկության համար փակ Բաղրամյան պողոտան շարժման անդամները բացեցին մարտի 24-ին:

Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նաև ընդունեց` ունեցել են ձախողումներ էլ, ձեռքբերումներ էլ:

XS
SM
MD
LG