Մատչելիության հղումներ

Սարգսյանն ու Քոչարյանը ինչ դաշինքով են մասնակցելու արտահերթին. ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն սպասում են ընտրությունների պաշտոնական նշանակմանը


Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում ծաղիկներ է դնում Անդրանիկ Մարգարյանի գերեզմանին
Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում ծաղիկներ է դնում Անդրանիկ Մարգարյանի գերեզմանին

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի շտապում ընտրությունների հարցում տեսակետ հայտնել։ Հանրապետականը կմասնակցի՞ հունիսյան արտահերթ ընտրություններին և ո՞ւմ առաջնորդությամբ։ Եվ ինքը, որ խոստացել է չլքել քաղաքական խրամատը, ի՞նչ դերակատարում է ունենալու։ Սերժ Սարգսյանի պատասխանը շատ կարճ էր՝ կտեսնեք։

Իսկ իր նախորդի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կան՞ անհաղթահարելի հակասություններ, որ ընտրություններին միասնական չլինեն։ Այս հարցին Սարգսյանը չարձագանքեց։

Սերժ Սարգսյանն այսօր կուսակիցների հետ Կոմիտասի անվան պանթեոն էր եկել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ։

Հանրապետական կուսակցությունը արտահերթին մասնակցելու հարցը չի քննարկում։ Ընտրությունների օրը Նիկոլ Փաշինյանը նշանակել է Ֆյսբուքում, պաշտոնական չէ։ Վարչապետի գրածին չեն վստահում, ասում է Հանրապետականի խոսնակ էդուրադ Շարմազանովը․ - «Մի մարդու ֆեյսբուքյան գրառմամբ չի կարելի ջուրը չտեսած բոբկվել»։

Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով

Հանրապետականը տարեվերջին բացառում էր, որ ընտրությունների օրակարգով Փաշինյանի կազմակերպած քննարկումներին կմասնակցի։ Իսկ նրա վարչապետությամբ ընտրություններին մանսակցելու մասին դիրքորոշում կհայտնի, երբ օրը պաշտոնապես նշանակվի․ - «Երբ որ դե յուրե կըլնի ընտրության օր նշանակված, էն ժամանակ մենք որպես լուրջ քաղաքական ուժ, ինչպես մեր կուսակցության ղեկավարը դատարանի առջև ասեց, հավասարակշռված, համոզված և պետական ու ազգային շահերից ելնելով որոշում կկայացնենք»։

Մինչ Սերժ Սարգսյանը սպասում է պաշտոնական հայտարարության, փողոցում պայքարող նրա թիմակիցները՝ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Վանեցյանն արդեն հայտարարել են, որ Փաշինյանի վարչապետությամբ ընտրություններին մասնակցելու են։ Ծառուկյանն ավելի մանրամասն՝ որ իր գլխավորած «Բարգավաճ Հայաստանը» ոչ մի ուժի հետ դաշինք չի կազմելու, մենակ է մասնակցելու։

Ռոբերտ Քոչարյանը սեփական կուսակցություն չունի։ Լրատվամիջոցները գրում են, որ հնարավոր է Դաշնակցության եւ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության դաշինքը գլխավորի։

Քոչարյան - Սարգսյան վաղեմի հակասությունների մասին մամուլը հաճախ է գրում, որ դրանք նույնիսկ այս փուլում դեռ հաղթահարված չեն։

Հարցին՝ կա՞ն անհաղթահարելի հակասություններ, որ խոչընդոտեն քոչարյանին ու Սարգսյանին Փաշինյանի դեմ ընտրապայքարում միասնական լինել, Շարմազանովը պատասխանեց․ - «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամանակ Ռոբերտ Քոչարյանին համարել է քաղաքական բանտարկյալ և պայքարել է նրա ազատության համար։ Եվ դա արվել է նախ և առաջ Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ։ Նրանք մարտական ընկերներ են»։

Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու լուրերը Դաշնակցությունից էլ չեն հաստատում։ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանն ասում է՝ դեռ այս հարցը չեն քննարկում։

Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան

«Եթե անկախ մեր կամքից լինեն ընտրություններ, առաջինը պետք է որոշենք՝ մասնակցում ենք էդ ընտրությանը, թե ոչ։ Երկրորդը արդեն պետք է որոշենք՝ ինչ ձևաչափով։ Մենք այդ հարցը այս պահին չենք քննարկում», - ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, թե այժմ քննարկում են «Նիկոլին հեռացնելու ծրագրերը ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը»։

Մինչև ընտրությունների պաշտոնական նշանակումը, շարունակելու են վարչապետի հրաժարականի պահանջով պայքարը փողոցում, նաև մարզերում։ Սաղաթելյանի փոխանցմամբ, ապասվող հանրահավաքից հետո մարզեր են այցելելու․ - «Բնակչությունը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանի հետ և կրել նրա այս ամբողջ դավաճանական և այլ արածների պատասխանատվությունը։ Չկա նման բան։ Կա խորը հիասթափություն մեր ազգաբնակչության կողմից ստեղծված իրավիճակում։ Մարդիկ նաև կողմնորոշվելու․․․ այս խնդիրները, պրոբլեմները խորքային, ամբողջական հասկանալու հարց է դրված։ Գնում ենք այդ շփումների միջոցով բացատրելու երկրում ստեղծված իրավիճակը և լուծման ելքերը»։

XS
SM
MD
LG