Մատչելիության հղումներ

Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ դատախազությունը վաղուց պետք է վերաորակեր Քոչարյանի մեղադրանքը


Իրավապաշտպան Սեդա Սաֆարյանը, արխիվ
Իրավապաշտպան Սեդա Սաֆարյանը, արխիվ

Սահմանադրական դատարանի (ՍԴ) երեկվա որոշումը, որով պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց, Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը Սահմանադրության հետ կապ չունեցող որոշում է որակում և պնդում՝ այն ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի և նրա խմբի դիրքորոշումն է։

Թե այս պարագայում ո՞րն են լինելու իրենց գործողությունները, Սաֆարյանը դեռ չի մեկնաբանում, ասում է՝ քննարկման փուլում են. «Հրայր Թովմասյանի և իր խմբի դիրքորոշումն է, սա կապ չունի Սահմանադրական դատարան բարձր ատյանի մեր պատկերացումների հետ: Ես գտնում եմ, որ երկու տարի է չարչարվում էր անել այն, ինչ արեց, և վերջապես հասավ հաջողության»:

Հակասահմանադրական որակված մեղադրանքը դատարանում պաշտպանող Գլխավոր դատախազությունից դեռ չեն արձագանքում ՍԴ որոշմանը, ասում են՝ դիրքորոշում կհայտնեն որոշմանը ծանոթանալուց հետո։ Սահմանադրական դատարանի որոշումները հրապարակվում են եռօրյա ժամկետում։ Սեդա Սաֆարյանն ասում է՝ դատախազությունը վաղուց պետք է մեղադրանքը վերաորակեր, միևնույն ժամանակ կարծում է՝ գործը սրանով ավարտված չէ։

«Թեև ես կարծում եմ, որ դատախազությունը ցանկացած ժամանակ կարող է իր մեղադրանքը հետ տանել, վերաձևակերպում անել, բերել դատարան, օրենքը թույլ է տալիս այդպիսի գործողություններ կատարի դատարանը», - նշեց իրավապաշտպանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը համոզված է՝ սա նշանակում է, որ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, իսկ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով է զրկված եղել ազատությունից. «Սահմանադրական դատարանի որոշման ուժով արդեն իսկ բոլոր ակտերը, որոնք վերաբերում են 300.1-րդ հոդվածին, ընդունման պահից ի վեր ուժ չունեն և ենթակա են վերանայման 2009 թվականից սկսած»:

Լրագրողների հարցին՝ «կարո՞ղ է դիմադրել Աննա Դանիբեկյանը», պաշտպանն արձագանքեց. «Այստեղ դիմադրելու խնդիր չկա, Քրեական օրենսգրքում այլևս 300.1-րդ հոդված չկա, եթե չկա հոդված, չկա հանցանք: սա Քրեական օրենսգրքի պարզ տրամաբանությունն է»։

Երկու տարի առաջ, երբ պաշտոնաթող նախագահին վերագրվող քրեական գործը մտավ դատարան, այն մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին, որն էլ, սակայն, կասեցրել էր գործի քննությունն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ հակասություններ տեսնելով Քոչարյանին մեղսագրվող հոդվածի սահմանադրականության հետ։ Հայաստանը 1998-2008 թվականներին ղեկավարած Ռոբերտ Քոչարյանը ևս դիմել էր բարձր դատարան՝ նույնաբովանդակ պահանջով։

Պաշտոնաթող նախագահի պաշտպանները բազմիցս են պնդել, որ երկրորդ նախագահին մեղադրում են մի հոդվածով, որը 2008-ի իրադարձությունների ժամանակ Քրեական օրենսգրքում չի եղել։ Միևնույն ժամանակ, Քրեական օրենսգրքի սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը խիստ անորոշ է։

XS
SM
MD
LG