Մատչելիության հղումներ

ՍԴ-ն որոշեց Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննել գրավոր ընթացակարգով


Բուռն քննարկումներից հետո այսօր Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշեց գրավոր ընթացակարգով քննել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և դատավոր Դավիթ Գրիգորյանի նույնաբովանդակ դիմումները, որոնք վերաբերում են սահմանադրական կարգի տապալման 300.1 հոդվածի սահմանադրականությանը։ 10-15 տարի ազատազրկում սահմանող հենց այս հոդվածով է մեղադրվում Հայաստանը 1998-2008 թվականներին ղեկավարած նախկին նախագահը։

Ի սկզբանե որոշված էր դիմումը գրավոր քննել, բայց ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը այն բանավոր քննելու միջնորդություն ներկայացրեցին։ Նրանց միացան Արայիկ Թունյանն ու Աշոտ Խաչատրյանը։ Այսինքն հարցը բանավոր քննելուն կողմ էին նախկին իշխանության օրոք նշանակված դատավորները, դեմ՝ նոր իշխանության օրոք նշանակվածները։

«Ես այս փուլում ևս կրկին դնում եմ Սահմանադրական դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի դիմումի մասով հարցը բանավոր ընթացակարգով դատաքննության անցնելու միջնորդությունը», - հայտարարեց Արևիկ Պետրոսյանը:

Հարցի քննությանը ներգրավված 8 դատավորների ձայները բաշխվեցին հավասարապես՝ 4 դեմ, 4 կողմ, հետևաբար որոշվեց քննությունը գրավոր ընթացակարգով անցկացնել։

Մինչ քվեարկությունը Հրայր Թովմասյանն ասաց՝ հնարավոր է կանչվեն վկաներ, իսկ գրավոր ընթացակարգով քննությունը թերի կլինի։ Բարձր դատարանի նախկին նախագահի խոսքով՝ Քոչարյանի գործը վերջին 2 տարում դադարել է լինել մեկ հոդվածի սահմանադրականությունը լուծելու հարց, և դրա շուրջ են ծավալված հասարակական-քաղաքական քննարկումները։

«Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանին պարտավորեցնում է, որպեսզի մնա իր բարձր դիրքում, որպեսզի որևէ կասկած չթողնի հանրության մոտ, որ Սահմանադրական դատարանն այս ամբողջ ընթացքում անաչառ է և իր համար զուտ իրավական վերլուծություններն ու փաստերն է: Հակառակ պարագայում կստեղծվի և կխորանան այն դիտարկումները, այն մոտեցումները, այն կարծիքները, որ Սահմանադրական դատարանի շուրջ վերջին երկու տարում ընթացող պրոցեսները ունեցել են բացառապես քաղաքական նպատակներ՝ սկսած սահմանադրական փոփոխություններից, Սահմանադրական դատարանի տարբեր դատավորների հետապնդումներից, և սահմանադրական կազմի փոփոխությունը կրել է բացառապես մեկ նպատակ՝ պայմանավորված այս գործով: Եվ Սահմանադրական դատարանը պարտավոր է ապացուցել, որ դա այդպես չէ», - նշեց Թովմասյանը:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու և մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև նրա գործը առաջին ատյանի դատարանում սկզբում քննած դատավոր Դավիթ Գրիգորյանը դիմել էին բարձր դատարան։ Խնդրել էին ստուգել, արդյոք 2009-ին փոխված Քրեական օրենսգրքում տեղ գտած հոդվածը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը։

Պաշտոնաթող նախագահի պաշտպանները բազմիցս են պնդել, որ երկրորդ նախագահին մեղադրում են մի հոդվածով, որը 2008-ի իրադարձությունների ժամանակ Քրեական օրենսգրքում չի եղել։ Միևնույն ժամանակ, Քրեական օրենսգրքի սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը խիստ անորոշ է և պարզ չէ՝ այն ինչպես կարող է հակասել Սահմանադրությանը։

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր կրկին խոսեց, իրենց գնահատմամբ, այս անորոշությունից. «Որը հասկանալի չէ, եթե ձեզանից ինչ-որ մեկը կարող է մեկնաբանել Սահմանադրության 1-ից մինչև 6-րդ հոդվածը 1-ին մաս նորմերի իրավական համակարգում փաստացի վերացումը որն է, քավ լիցի, բայց խնդիրը նրանում է, որ, ի դեպ, դուք պետք է կարողանաք դա հասկանալ՝ որն է: Հիմա դուք որպես քաղաքացի երբ կարդում եք՝ ինչ է ավազակությունը, խուլիգանությունը, էդ ո՞նց եք հասկանում: Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներն էլ հավասար են, բոլորն էլ պետք է հավասար հասկանալի լինեն»:

Սահմանադրական դատարանում վիճարկվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը սահմանում է, որը սահմանադրական կարգը տապալելը Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելն է: Սահմանադրության հիշատակված հոդվածները վերաբերում են Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն լինելուն, իշխանությունը ժողովրդին պատկանելուն, հիմնական իրավունքների ու ազատությունների, իշխանությունների բաժանման, օրինականության սկզբունքներին։ Ըստ մեղադրանքի, 2008-ին ընտրություններից հետո արտակարգ դրություն հայտարարելով՝ Քոչարյանը փաստացի ռազմական դրություն է սահմանել, բանակը ներգրավել քաղաքական գործընթացներում և տապալել սահմանադրական կարգը՝ խախտելով սահմանադրության այս հոդվածները։

«2015 թվականին Սահմանադրության էական փոփոխություններ են եղել, այդ թվում՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածների մեջ: Դուք տեսե՞լ եք Քրեական օրենսգիրքը համապատասխանեցվի այդ փոփոխություններին, չեք տեսել, որովհետև դրանք 2009-ին են ընդունվել և 15 թվականից հետո չեն փոփոխվել», - ընդգծեց Վարդևանյանը:

Քոչարյանն ու առաջին ատյանում նրա գործը քննած դատավոր Դավիթ Գրիգորյանը իրենց դիմումները բարձր դատարան էին ներկայացրել դեռևս 2019 թվականին, դատարանն այն վարույթ ընդունելուց հետո կասեցրել էր գործի քննությունը և դիմել միջազգային 2 կառույցների՝ Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գործի քննությանը չի մասնակցում 2019-ին ՍԴ դատավոր նշանակված Վահե Գրիգորյանը, որը մինչ այդ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն էր։

Դեռ հայտնի չէ, թե Սահմանադրական դատարանը երբ կավարտի քննությունը ու կհրապարակի իր որոշումը։

XS
SM
MD
LG