Մատչելիության հղումներ

Ըստ քաղաքական մեկնաբանի՝ Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման դրդապատճառը արցախյան հարցի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, արխիվ
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, արխիվ

Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման դրդապատճառն արտաքին դաշտում արցախյան հարցի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Վերջինս Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի՝ երեկ տեղի ունեցած հանդիպմանը աննախադեպ բնորոշումն է տալիս։

Հայաստանի ու Արցախի նախագահներն ավելի վաղ էլ պատերազմի թեժ օրերին էին հանդիպել։ Երեկվա հանդիպման մասին նախ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ժլատ տեղեկություն հայտնեց, թե նախկին նախագահները քննարկել են հետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։

Երրորդ նախագահի գրասենյակից էլ էին հաստատել հանդիպման փաստը, արձանագրելով միայն, թե նման ձևաչափով քննարկումների հրամայական կա. «Թե´ արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական»։

Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ բազմամյա քաղաքական հակառակորդներ են, հատկապես 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած արյունալի դեպքերից հետո։ նախքան 2020 թվականի հոկտեմբերի հանդիպումը, Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի վերջին հրապարակային հանդիպումը եղել էր ապրիլյան պատերազմից հետո՝ 2016-ի ապրիլի 9-ին։ Իսկ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը տարիներ շարունակ չէին հանդիպել, համենայնդեպս, վերջինը, որի մասին ազդարարվել էր, եղել էր 1998-ին։ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալությանը ներկա էր եղել նաև Տեր-Պետրոսյանը։

Հակադիր քաղաքական ճամբարներում գտնվող նախագահներին լուրջ պատճառներն են մի սեղանի շուրջ հավաքել, համոզված է քաղաքական մեկնաբանը։

«Մենք տեսանք, որ այդպիսի առաջին հանդիպումը տեղի ունեցավ պատերազմի ընթացքում և հիմա՝ պատերազմից մի քանի ամիս անց տեղի է ունենում երկրորդ այդպիսի հանդիպումը, հետևաբար, դա նշանակում է, որ կան լրջագույն պատճառներ, որոնք ընդհուպ հավասարազոր են այնպիսի լրջության, ինչպիսին պատերազմն էր Արցախի դեմ, որը բերեց այդպիսի ձևաչափով առաջին հանդիպման», - ընդգծեց «Ազատության» զրուցակիցը։

Բադալյանն ասում է՝ ամբողջ խնդիրն այն է, թե կոնկրետ ինչ հարցերի լրջության մասին է խոսքը, արդյոք կա՞ն շատ կոնկրետ օրակարգային հարցեր, որոնք պահանջում են Հայաստանում դիրքավորում, դիրքորոշում ընդհուպ նախկին նախագահների ձևաչափով։

«Փաստացի նախկին նախագահների այդ ձևաչափին զուգահեռ տեղի է ունեցել նաև պատերազմից հետո գործնականում կարծես թե առաջին անգամ ամբողջական կազմով Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների նիստ, որտեղ մասնակցել է, օրինակ, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, որը գիտեք, թե ինչպիսի քաղաքական դիրքորոշումներ կամ քաղաքական գնահատականներ ունի Հայաստանի իշխանության հասցեին։ Փաստացի մարտի 25-ին տեղի է ունեցել նախկին նախագահների հանդիպումը, և մարտիկ 26-ին տեղի է ունենում Արցախի և Հայաստանի անվտանգային խորհուրդների համատեղ նիստը ամբողջական կազմով։ Սա մեզ թույլ է տալիս մտածել, որ իսկապես կան քննարկելու լուրջ հարցեր», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Երևանում այսօր Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստն է անցկացվել։ Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նիստում քննարկվել են արցախում բնակարանաշինության և ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող հարցեր։

XS
SM
MD
LG