Մատչելիության հղումներ

ՀՀ-ԵՄ երկխոսության 11-րդ նիստին ներկայացվել են Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները


Հայաստանի փոխարտգործնախարար Ավետ Ադոնցի համանախագահությամբ երեկ առցանց ձևաչափով տեղի է ունեցել մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության հերթական՝ 11-րդ նիստը։

Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության՝ նիստի ընթացքում քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ դատական և քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումները, հակախտրականության քաղաքականությունը, աշխատանքային իրավունքները, ընտրական բարեփոխումները։

Հայկական կողմը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի հետևանքները՝ մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, շարունակում է գերության մեջ պահել հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին, խոչընդոտել Լաչինի միջանցքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը։ Գործընկերների ուշադրությունը հրավիրվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների չկատարման վրա։

Նիստի արդյունքում ընդունվել են գործառնական եզրակացություններ և համատեղ մամլո հաղորդագրություն։

Նիստին մասնակցել են նաև Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները և Մարդու իրավունքների պաշտպանը։ ԵՄ կողմից նիստին առաջին անգամ մասնակցել է մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորը։

XS
SM
MD
LG