Մատչելիության հղումներ

Տավուշի մարզպետը կրկին վստահեցնում է, որ սահմանային որևէ փոփոխության մասին անգամ քննարկում չի եղել


Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան

Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է, սահմանային որևէ փոփոխության մասին անգամ քննարկում չի եղել, կրկին վստահեցնում է մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Ես բացառում եմ Տավուշի մարզից շրջաններ հանձնելու գործընթացը որևէ մեկի կողմից, մինչև գոնե ես կլինեմ այնտեղ պատասխանատու և ես կապրեմ այս երկրում», - հայտարարեց նա։

Խոսակցությունները, թե ռուսներն ու ադրբեջանցիները սահմանային ճշտումներ են սկսելու, Տավուշից ևս Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու, տարածվեցին մարտի սկզբին։ Խոսքը նախկինում ադրբեջանական Ղազախի շրջանի կազմում ընդգրկված Բարխուդարլու, Սոֆուլու, Բաղանիս-Այրում, Ներքին ու Վերին Ոսկեպար, Խեյրիմլի գյուղերի մասին է։

Իսկ ի՞նչ գործ ունեն ռուս զինծառայողները մարզում։ Չոբանյանն ասում է, թե ռուսների այցը Տավուշ մշտական բնույթ ունի։ Պաշտոնյան, սակայն, չի պարզաբանում, թե ինչ պատճառով են ռուս զինվորականներն այցելում մարզ․ - «Ինչ վերաբերում է զինվորների տեղաշարժին, դա կապված է Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի գործառույթների հետ։ Եվ եթե դուք լրացուցիչ հարցեր ունեք այս առումով, կարող եք դիմել այնտեղ»։

Մարզպետի պնդմամբ, սահմանային ճշտումների վերաբերյալ վերջին շրջանում տարածվող լուրերի պատճառով Տավուշում ներդրումներ են դադարեցվել։ Գյուղատնտեսության ոլորտում, նրա փոխանցմամբ, այս պահին երկու խոշոր ներդրում է կանգնեցվել։

Թե մասնավորապես ինչ ընկերություններ են ցանկացել մարզում ներդրում անել, Չոբանյանը չի հայտնում․ - «Մենք ունենք շատ խոշոր ներդրումային ծրագիր անասնապահության ոլորտում՝ 4 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, և այդ ծրագիրը հիմա դեռևս կանգնած է։ Իհարկե, արդեն մենք գտնվում ենք կարծես թե էդ խնդրի լուծման փուլում, բայց այս խոսակցությունների ժամանակ էդ ծրագիրը ուղղակի կանգնեց, և ներդրողները ժամանակ ուզեցին, որպեսզի հասկանան արդյոք իրենք վերահաստատում են իրենց մասնակցությունը, թե ոչ»։

Հաջորդ խոշոր ներդրումը, մարզպետի փոխանցմամբ, թռչնաբուծություն ոլորտում է նախատեսվել։

Մարզպետարանում կանխատեսել են, որ 2021-ին գյուղատնտեսության, զբոսաշրջության և արդյունաբերության ոլորտներում 44 միլիարդ դրամ ծավալով ներդրում է իրականացվելու, որից միայն 7 միլիարդն է մասնավորից լինելու։

Հայկ Չոբանյանի ճեպազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG