Մատչելիության հղումներ

Ըստ Չոբանյանի, ապատեղեկատվության հետևանքով ստեղծված խուճապը մարզի բոլոր համայնքներում հանդարտվել է


Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան

Տավուշի մարզկենտրոն Իջևանում պնդում են, որ բնականոն կյանքով են ապրում, ստեղծված խուճապը, թե սահմանամերձ Ազատամուտի աջ ու ձախ կողմերը շուտով անցնելու են ադրբեջանցիներին, Երևանից այն կողմ չի տարածվում:

«Մեր գյուղերում ոչինչ չի կատարվում։ Ո՞վ ա նման պանիկա գցել ժողովրդի մեջ։ Ոչ մեկը չի երևացել։ Մենք հող չունենք նրանց տալու, մենք հազիվ ենք նրանցից մաքրվել», - «Ազատությունն» ասաց մի կին։

Իջևանցիները համոզված են, որ այս խոսակցությունները քաղաքական նպատակներ ունեն։

«Տենց ասում են, որ թուրքերը գան վերցնեն», - ասաց մի տղամարդ։

Նրա համերկրացին հավելեց․ - «Սահմանը նոր հիշեցի՞ն․․․ Ես Վազաշենից եմ, 91 թվից թուրքի ձեռն ա մեր հողերի 90 տոկոսը։ Էդ ո՞նց ա չեն հիշել, էսօր էկան հիշեցին հանկարծ»։

Խոսքը մասին է: Վերջին օրերին լուրեր են տարածվում, բողոքի ակցիաներ են տեղի ունենում, թե պայմանավորվածություն կա 90-ականների ղարաբաղյան պատերազմից հետո հայկական կողմին անցած Բարխուդարլու ու Սոֆուլու ադրբեջանական գյուղերը վերադարձվում են նախկին տերերին: Իջևանցիները հաստատակամ պնդում են, թե դրանք խորհրդային տարիներին են անցել ադրբեջանցիներին, բայց դրանից ավելի վաղ հայկական են եղել: Խորհրդային իշխանությունները փոխանակել են՝ առանց փաստաթղթավորելու:

«Կարո՞ղ ա պատահի մենք մեր հողերը նրանց տանք, նրանք էլ մեզ տան․․․ Նրանց կղզու ձևի հողեր են ունեցել մեր միջին, պարզ ա, կյալ տեն իրանց էդ կղզինին ուզին։ Մենք էլ ընտեղ ունենք, մենք էլ մեր տենք ուզիլ։ Երբ որ խաղաղություն իսկական ըլի, կարող ա տհե բան անեն․ մի տեղ մենք հող տանք, մի տեղ իրանք տան, սահմանները ուղղվի», - ասաց մի իջևանցի։

Իջևանի կենտրոնում գործող շուկայում ևս հերքում էին, թե ռուս զինվորականներ են երևացել սահմաններին, ինչի մասին այդքան խոսվում է: Անցորդներից մեկը միայն նշեց, որ երկու օր առաջ շուկայում ռուս զինվորական տեսել է, բայց համոզված էր, որ դա որևէ կապ չունի տարածքներ հանձնելու հետ:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն «Ազատությանն» ասաց, որ երեկ հանդիպել է տարածաշրջանի բոլոր համայնքների ղեկավարների հետ և համոզվել, որ ապատեղեկատվության հետևանքով ստեղծված խուճապը հանդարտվել է: Ասում է, սա լավ դաս էր, որ լուրջ միջոցառումներ իրականացնեն սահմանների տեղեկատվական անվտանգության ուղղությամբ:

Ըստ Չոբանյանի, նախորդ օրերի խուճապն ու ապատեղեկատվությունը նաև հետևանքներ է ունեցել. սահմանամերձ բնակավայրերի որոշ բնակիչներ անգամ որոշում էին կայացրել հեռանալ գյուղից:

Նաև վտանգի տակ են հայտնվել ներդրումային ծրագրերը, ասում է Տավուշի մարզպետը․ - «Մենք անընդհատ երկար խոսում ենք հակառակը էդ գյուղերում ապրելու մասին, վերադարձի մասին․․․ Եվ, նորից եմ կրկնում, մեկ հոգին երկու նախադասությամբ ընդամենը կարող է ջուրը լցնել էն ամբողջ աշխատանքը, որը որ մինչև հիմա կատարվել է»։

Իսկ Իջևանում երևացած ռուս զինծառայողների մասին տեղեկատվությանն ի պատասխան մարզի ղեկավարն ասում է, թե մինչ այս էլ հաճախակի երևացել են ռուս զինվորներ, բայց երբևէ այսպիսի տեղեկատվական արշավ չի առաջացել դրանից:

XS
SM
MD
LG