Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր կհանդիպի Լիխտենշտեյնի հետ


Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, 2019թ․

Այսօր երեկոյան, Երևանի ժամանկով 23.45-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կսկսի պայքարը աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլում ՝ հյուրընկալվելով Լիխտենշտեյնին։

«Մեծ խանդավառությամբ ենք մոտենում մրցաշարին՝ հույս ունենալով հնարավորինս լավ խաղալ», - երեկ կայացած նախախաղային ասուլիսի ընթացքում ասաց հավաքանի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը՝ շարունակելով․ - «Կփորձենք խաղ առ խաղ գնալ առաջ՝ կենտրոնանալով յուրաքանչյուրի վրա»։

Ազգերի լիգայի երրորդ դիվիզիոնի խմբում հաղթելուց հետո Լինխտենշտեյնի դեմ խաղն առաջինը կլինի, երեք օր անց արդեն Երևանում Հայաստանի հավաքականը կընդունի Իսլանդիայի ընտրանում, մարտի 31-ին էլ կրկին Երևանում ուժերը կչափի Ռումինիայի հետ խաղում։

Հարցին, թե առաջիկա երեք խաղերի արդյունքում վաստակած քանի՞ միավորը կբավարարի մարզչին, իսպանացի Կապառոսն ասաց՝ ամբողջությամբ կենտրոնացած են Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը՝ այնուհետև կմտածեն հաջորդ խաղերի մասին։

«Ես մաթեմատիկոս չեմ, մարզիչ եմ և կարող եմ ասել, որ մենք լիովին կետրոնացած ենք առաջին խաղի վրա և ցանկանում ենք 3 միավոր վաստակել», - ասաց Կապառոսը։

Լրագրողների հարցերին պատասխանեց նաև հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Լրացնելով մարզչին՝ ֆուտբոլիստն ասաց՝ պետք է հանդիպումից հանդիպում բարելավել խաղը։

«Հայտնվել ենք բարդ խմբում, բայց պետք է ամեն ինչ անենք, մեր ուժերը մաքսիմում ներդնենք ամեն խաղում՝ խաղից խաղ՝ թե՛ բարելավենք մեր խաղը, թե՛ լավ արդյունքներ գրանցենք, իսկ վերջում արդեն պարզ կլինի, թե որ տեղը կզբաղեցնենք ու կկարողանանք դուրս գալ խմբից, թե՝ ոչ», - ասաց հավաքականի պաշտպանը։

Համբարձումյանը պատրաստվում է ամբողջ ուժերը ներդնել՝ առաջիկա խաղերում հնարավորինս լավ արդյունք ցույց տալու համար։

Հայաստանի հետ որոկավորման J խմբում ընդգրկված է Գերմանիայի հավաքականը, որի հետ ընտրանին աշնանը կխաղա։

Կատարում կայանալիք 2022-ի աշխարհի առաջնության ուղեգիր կվաստակեն որակավորման փուլում առաջին տեղը զբաղեցրած թիմերը։ Հավաքականները, որոնք մրցաշարը կեզրափակեն երկրորդ տեղում, այլ թիմերի հետ կխաղարկեն ԱԱ ուղեգրերը։

XS
SM
MD
LG