Մատչելիության հղումներ

ՌԴ ԶՈւ բարձրաստիճան պատվիրակությունը Երևանում քննարկելու է ՀՀ ԶՈւ արդիականացումը 


ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, լուսանկարը` ՀՀ ՊՆ-ի կայքէջի
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, լուսանկարը` ՀՀ ՊՆ-ի կայքէջի

Հայաստանի զինված ուժերի արդիականացման բանակցությունների նպատակով առաջիկայում Երևան է ժամանելու Ռուսաստանի զինված ուժերի բարձրաստիճան պատվիրակությունը, տեղեկանում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունից։

«Մարտի 23-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել հայկական զինված ուժերի արդիականացման և լայնածավալ բարեփոխումների ծրագրերին։ Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը պայմանավորվածություն են ձեռք բերել նշված հարցերի շուրջ առավել հանգամանալից քննարկումների նպատակով մոտ ժամանակներս ՌԴ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցի և բանակցությունների անցկացման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

Ուշագրավ է, որ Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի շուրջ նախորդ շաբաթներին տեղի ունեցած զարգացումներից և Գլխավոր շտաբի պետի վերջին փոփոխությունից հետո Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հետ բանակցում է Հայաստանի պաշտպանության նախարարը։ Ընդ որում, անցած տարվա նոյեմբերին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր սա առաջին անգամն է, որ հաղորդվում է Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի բանակցությունների մասին։

Անհամեմատ ակտիվ են եղել Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների շփումները։ Նախ՝ Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվեց 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի Երևան կատարած այցելության ճի՛շտ նախորդ օրը՝ անցած տարվա նոյեմբերի 20-ին։ Նոյեմբերի 21-ին Հարությունյանն ու Շոյգուն հանդիպեցին առաջին անգամ։ Նրանց հաջորդ հանդիպումը կայացավ ընդամենը քսան օր անց Մոսկվայում՝ Վաղարշակ Հարությունյանի Արցախ կատարած այցից հետո։ Նախարար նշանակվելուց ի վեր՝ նախորդ մոտ չորս ամիսների ընթացքում հաղորդվել է Հարությունյան-Շոյգու առնվազն վեց հեռախոսազրույցի մասին, վերջինը երեկ էր։

Այդ ընթացքում Վաղարշակ Հարությունյանը ընդունել է նաև Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը, որը այս հունվարին էր Երևանում։ Երկու անգամ ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ևս երկու հանդիպում է ունեցել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ։

Ադրբեջանի հետ նախորդ պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին զինված ուժերի արդիականացման անհրաժեշտության մասին։ Անցած տարվա նոյեմբերի 18-ին հրապարակած իր հայտնի ճանապարհային քարտեզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ վեց ամսվա ընթացքում հաստատել զինված ուժերի բարեփոխումների ծրագիրը և սկսել բարեփոխումները։ Մեկուկես ամսից կլրանա Փաշինյանի նշած կես տարին, սակայն հանրությանը այդպես էլ չի ներկայացվել բանակի արդիականացման իշխանությունների ծրագիրը։

ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպության ղեկավար, նախկինում ռազմական հետախույզ Վլադիմիր Վարդանովի խոսքով` Հայաստանի զինված ուժերը ունեն շատ հին կառուցվածք ու տրամաբանություն, որոնք նախատեսված էին խորհրդային կայսրության համար, և որոնցից տևական ժամանակ է, ինչ հրաժարվել են անգամ Ռուսաստանում. «Մենք` որպես նախկին գաղութ, արտատպել ենք մետրոպոլիայի բանակի մոդելը, նույնիսկ հաշվի չենք առնում, որ նույն մետրոպոլիան նախկին, Ռուսաստանը նկատի ունեմ, իր բանակի կառուցվածքի մեջ որոշակի փոփոխություններ է մտցրել»:

Հայաստանը գերազանցապես լեռնային երկիր է, և ըստ Վարդանովի` հայկական զինված ուժերը նախորդ երեսուն տարիներին այդպես էլ չեն պատրաստվել հատկապես լեռնային պայմաններում մարտնչելու համար՝ փաստացի չունենալով լեռնահրաձգային զորամիավորումներ. «Հաշվի չի առնված մեր բանակը կառուցելուց ոչ մարդաբանությունը, նկատի ունեմ` ինչ մարդկային մատերիալով է աշխատում, հայկական մենթալիտետը մի քիչ տարբերվում է կասերական մենթալիտետից, որը, բնական է, պիտի գլխավորը լիներ բանակաշինության մեջ Ռուսաստանում: Հաշվի չի առնված մարդկանց վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ, հաշվի չի առնված մեր ռելիեֆը, մեր մարտական боевой устав-ները ռուսականի արտատպում է, այնտեղ շատ տեղ է տված այն մարտական իրավիճակներին, որում, շատ քիչ շանս կա, որ հայկական բանակը հայտնվի, իսկ լեռնային հատվածում, որ պարտադիր, 100 տոկոս սաղ լեռներում է լինում, շատ քիչ տեղ է տված»:

XS
SM
MD
LG