Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները ՔՊ-ից և «Իմ քայլը»-ից պահանջում են «դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին»


Լրագրողական կազմակերպությունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից պահանջում են «հրապարակայնորեն դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին, ներողություն խնդրել Արման Թաթոյանից»:

«Մարտի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյանք է ուղղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հասցեին։ Դրա պատճառը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի՝ լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու առնչությամբ ՄԻՊ-ի դատապարտող հայտարարությունն էր։ Քաղաքական գործչի հայհոյանքին հավանություն են տվել իշխանության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ Նմանատիպ այլ գրառումներ են տարածվել, որոնց հեղինակները, պաշտպանության տակ առնելով Հակոբ Արշակյանին, միաժամանակ վիրավորական, անհարգալից վերաբերմունք են դրսևորել ՄԻՊ-ի նկատմամբ՝ փաստորեն, իր պաշտոնեական պարտականությունները հետևողականորեն իրականացնելու համար», - ասված է տարածած հայտարարությունում։

Լրագրողական կազմակերպությունները իրենց վրդովմունքն են հայտնում այդ «խիստ անպարկեշտ արարքների» կապակցությամբ և դատապարտում տեղի ունեցածը։

Լրագրողական կազմակերպությունները կարևորում են, որ հատկապես քաղաքական գործիչների և նրանց համակիրների պահվածքն արժանանա հանրային պարսավանքի, ավելին՝ մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

«Թերևս իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների այսպիսի վերաբերմունքով է պայմանավորված վերջին շրջանում ՄԻՊ-ի լայնածավալ աշխատանքի թերագնահատումը, դրան քաղաքական ենթատեքստ հաղորդելը։ Էլ ավելի մտահոգիչ է Կառավարության կողմից ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորմանը վերաբերող առաջարկությունը, որը կարող է բացասաբար ազդել այդ կառույցի անկախության երաշխիքների վրա։ Կարծում ենք, որ հետպատերազմյան շրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանվածության առումով Հայաստանում բազմաթիվ նոր սպառնալիքներ են ի հայտ եկել, ՄԻՊ ինստիտուտի դերը շեշտակի բարձրացել է, իսկ աշխատանքի ծավալը՝ մեծացել, այդպիսի վերաբերմունքն անընդունելի է», - ասված է հաղորդագրությունում։

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից՝ «հրապարակայնորեն դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին, ներողություն խնդրել Արման Թաթոյանից, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և երաշխիքներ տալ ապագայում նման վարքագծի բացառման համար»։

«ԱԺ ղեկավարությունից՝ խնդիրը քննարկելու նպատակով ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և պաշտոնապես հրապարակել ընդունված եզրակացությունը։ Իշխող քաղաքական ուժից՝ վերանայել ՄԻՊ-ի աշխատանքի ոչ օբյեկտիվ գնահատականները և բացառել գրասենյակի ֆինանսավորման եղանակների այնպիսի փոփոխություն, որը կնվազեցնի դրա անկախությունը և արդյունավետությունը», - հայտարարությունում իրենց պահանջն են ներկայացրել լրագրողական կազմակերպությունները։

Հիշեցնենք՝ համացանցում մարտի 18-ին անձայն տեսանյութ տարածվեց որտեղ երևում է, որ երևանյան սրճարաններից մեկում Փայլակ Ֆահրադյանը մոտենում է Հակոբ Արշակյանին և հարց ուղղում, ինչից հետո Արշակյանը մոտենում է լրագրողին և հարվածում։ Ավելի ուշ Ֆահրադյանը հայտնեց իր նկատմամբ նախարարի կողմից բռնության մասին, Արշակյանն էլ հայտարարեց, որ դեմ է ցանկացած բռնության և առաջնորդվում է հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով, և որ պատրաստ է պատասխանատվություն կրել իր և լրագրողի միջև միջադեպի կապակցությամբ։

XS
SM
MD
LG