Մատչելիության հղումներ

ՔՈ-ն «տրամադրված է» մասնակցել ընտրություններին


ՔՈ ղեկավար-անդամ Սուրեն Սահակյան
ՔՈ ղեկավար-անդամ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը հայտարարում է, որ «տրամադրված է» մասնակցել ընտրություններին իր «բոլոր ուժերի գերլարումով՝ քանի դեռ Հայաստանում կառավարման հարցը վճռվում է քաղաքացու կամքով»։

Արձանագրելով, որ ներքաղաքական ճգնաժամում ներգրավված սուբյեկտները նստել են բանակցությունների սեղանի շուրջ և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, կուսակցության գործադիր մարմինը նշել է՝ սա ճգնաժամը լուծելու փորձ է, որը սակայն, չի բերելու ճգնաժամի խորքային հաղթահարման և հղի է նոր վտանգներով։

«Այդ վտանգները առավել սուր են դառնում՝ հաշվի առնելով, որ չեն կատարվել սահմանադրական փոփոխություններ, ուժի մեջ է մնում կայուն մեծամասնության նորմը, օլիգարխիան հակառակ 2018թ.-ի ժողովրդական պահանջի հեռացված չէ քաղաքական կյանքից, կուսակցությունները չեն առողջացվել, իսկ կառավարող ուժը արդեն երկրորդ անգամ է առանց ընտրական օրենսգիրքը փոխելու հայտարարում ընտրություններ անցկացնելու մասին։ Նոր ընտրական օրենսգրքի ընդունումը կարող է լինել այն նվազագույնը, որ դեռ հնարավոր է անել համեմատաբար առավել արդար և բնույթով քաղաքական ընտրություններ ունենալու համար։ Ուստի ընտրությունները կազմակերպողը ունի բոլոր հնարավորությունները և պարտավոր է ընդունել նոր ընտրական օրենսգիրքը։ Միաժամանակ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը չի պատրաստվում ընկրկել վատ պայմանների առաջ և մեկուսացած սպասել արդար կանոնների հաստատմանը», - ասված է հայտարարությունում։

Առայժմ պարզ չէ՝ իշխանությունն ընտրություններին գործող, այսպես ասած, ռեյտինգային, թե իշխող ուժի առաջարկած պարզ համամասնական ընտրակարգով է գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը, որում ամրագրված է պարզ համամասնականը, բայց հստակ չէ՝ կհասցնի խորհրդարանը ընդունել նոր օրենսգիքը մինչև հունիսի 20-ին նախատեսված ընտրությունները։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, ըստ Սահմանադրության, Ազգային ժողովը պետք է արձակվի։ Եթե վարչապետի հրաժարականից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չի ընտրվում նոր վարչապետ, ապա ընտրությունները նշանակվում են ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո։

XS
SM
MD
LG