Մատչելիության հղումներ

Փորձագետներն այս պահին առաջնային են համարում լեգիտիմ ընտրությունների անցկացումը


Այն, որ կա արտահերթ ընտրության գնալու որոշում, արդեն իսկ քաղաքական ճգնաժամային կետից շարժ է, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Քաղաքական մեկնաբանը միևնույն ժամանակ նշում է՝ ամբողջական լեգիտիմությունը պահանջում է թափանցիկություն, օրինականություն, խաղի կանոնների շուրջ փոխհամաձայնեցված տրամաբանություն, որպեզի այս անգամ էլ հետընտրական ճգնաժամ չլինի:

«Որպես հանգուցալուծման մեխանիզմ այդ ընտրությունն այլընտրանք չունի, երբ տեղի է ունեցել ներքաղաքական այսպիսի թեժ զարգացում և բավական բևեռացված ու բախումային իրավիճակ։ Բայց խնդիրը միայն զուտ մեխանիկական ընտրության գործընթացով լուծելի չէ, պետք է լինի նաև քաղաքական փոխհամաձայնություն խաղի կանոնների, բովանդակային ընթացքի և նաև ընտրության օրինականության և թափանցիկության վերահսկելիության իմաստով, որպեսզի ամբողջական պրոցեսը դառնա լեգիտիմ, և մենք այս անգամ էլ ընտրական պրոցեսից հետո չմտածենք` ինչպես հաղթահարել հետընտրական ճգնաժամը: Այսինքն՝ այս բովանդակային և խաղի կանոնների շուրջ փոխհամաձայնություններից է կախված գործընթացի ամբողջական լեգիտիմությունը, իսկ առանց դրա, մտածել և միարժեք եզրակացնել, որ դա կլինի լուծում, ես կարծում եմ, այդքան էլ ճիշտ չի լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբանը։

Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին երեկ խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Ֆեյսբուքի իր էջում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում Ծառուկյանի հետ արձանագրել են, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Հանդիպման վերաբերյալ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր Ֆեյսբուքում գրառում արել. - «Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը»:

Խորհրդարանական երրորդ ուժը՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» ևս հայտնել է, որ կմասնակցի ընտրություններին։

Ճգնաժամն առավել արդյունավետ հաղթահարելու համար ավելի վաղ պետք է հայտարարվեր արտահերթ ընտրությունների մասին, ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Պետք էր այն իրականացնել անմիջապես նոյեմբերի 9-ի ստորագրումից հետ, առնվազն հայտարարել դրա մասին, կապ չունի, թե երբ, որ ժամկետում կհայտարարեին, բայց վերջնական և հստակ հայտարարեին, որ լինելու են ընտրություններ, որովհետև ընտրություններով ճգնաժամը լուծելու հնարավորությունն այդ պահին շատ ավելի մեծ ու բարձր էր, քան հիմա։ Հիմա իրականում խնդիրները շատ ավելի խորացել են, շատ ավելի բարդացել են, կլուծվե՞ն ամբողջովին, թե՞՝ չէ, էդքան էլ վստահ չեմ, բայց այն, որ մենք անհրաժաշտություն ունենք փոփոխությունների, դա միանշանակ է», - ասաց Կարապետյանցը։

Իրավապաշտպանը ևս ընդգծում է՝ այս պահին Հայաստանի համար առաջնային է լեգիտիմ ընտրություններ իրականացնելը՝ խուսափելով հետընտրական լարվածությունից։

«Կարծում եմ, որ իրենք էլ շահագրգռված են, որ եթե խոստումներից ոչ մեկը չեն իրականացրել, առնվազն ընտրությունների թափանցիկ, արդար լինելը գոնե կփորձեն ապահովել։ Եթե ոչ, բնականաբար, կլինի համարժեք արձագանքն, այդ թվում՝ նաև քաղհասարակության», - նշեց Կարապետյանցը։

Առայժմ պարզ չէ, թե իշխանությունն ընտրություններին գործող, այսպես ասած, ռեյտինգային, թե իշխող ուժի առաջարկած պարզ համամասնական ընտրակարգով է գնալու ընտրության։

Շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը, որում ամրագրված է պարզ համամասնականը, բայց հստակ չէ՝ կհասցնի խորհրդարանը ընդունել նոր օրենսգիքը մինչև հունիսի 20-ին նախատեսված ընտրությունները։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, ըստ Սահմանադրության, Ազգային ժողովը պետք է արձակվի, եթե վարչապետի հրաժարականից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չի ընտրվում նոր վարչապետ, ապա ընտրությունները նշանակվում են ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո։

XS
SM
MD
LG