Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ընտրությունները կազմակերպվեն գործող Ընտրական օրենսգրքով


Իշխող ուժում դեռ հստակ պատասխան չունեն, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երբ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սինոնյանը ենթադրում է, «որ ապրիլ ամսին պետք է լինի՝ եթե արդեն իսկ հայտարարվել է, որ հունիսի 20-ին ընտրություններ են նշանակվել»։

Վարչապետի հրաժարականն անհրաժեշտ է խորհրդարանն արձակելու համար։ Մինչ այդ, սակայն, պետք է իշխանությունները չեղարկեն գրեթե կես տարի շարունակվող ռազմական դրությունը, որի ընթացքում ընտրություններ չեն անցկացվում։

Սահմանադրության համաձայն, եթե վարչապետի հրաժարականից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չի ընտրվում նոր վարչապետ, դրանից հետո ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվում են նոր ընտրություններ։

Իշխող կուսակցությունում վստահ են, որ այս ընտրություններն էլ նախորդի պես կասկածի տեղիք չեն տալու։

Մինչդեռ խորհրդարանական ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ այս անգամ ընտրությունները հնարավոր է 2018-ի պես չանցկացվեն։

«Շատ անգամ մտավախություններն արդարացի են, բայց կարող եմ կրկնել շատ կարևոր մի թեզ՝ ինչ իշխանություն ուզում է լինի, ոնց ուզում է լինի, ժողովուրդն է որոշողը։ Եվ իրականում ժողովրդի ձեռքն է, թե ինչպես կանցնեն ընտրությունները», - ասում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Պետք է հսկենք, որ ընտրություններն արդար անցկացվեն, հայտարարում է «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Դեռ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելն իրավիճակի կայունացման հետ պայմանավորող ընդդիմադիր ուժում, հիմա, ըստ էության, արդեն տեսնում են խաղաղ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան

«Օրինակ, խմբեր կան, որ զինաթափվել են, խմբեր կան, որ, կարծում եմ, դեռ պետք ա զինաթափվեն։ Ուզում եմ ասել, որ էն, ինչ որ էն ժամանակ ասել ենք, մի մասով մտահոգությունները փարատված են, մի մասով՝ դեռևս ոչ», - ասում է Էդմոն Մարուքյանը։

Իսկ թե ո՞ր ընտրական օրենսգրքով են անցնելու ընտրությունները, իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը մեկ ընդհանուր որոշում չունեն, սակայն և՛ «Իմ քայլում», և՛ «Բարգավաճ Հայաստանում», և՛ «Լուսավոր Հայաստանում» դեմ չեն, որ արտահերթը գործող, այսպես կոչված, ռեյտինգային համակարգով անցկացվի։

«Ես ինքս նույնպես համարում եմ ռեյտինգային համակարգը ավելի վատը, քան․․․ Մենք ի սկզբանե առաջարկել էին, բայց դրանով հանդերձ հասկանում եմ, որ ստեղծված իրավիճակը ուզում է ավելի արագ և ավելի կտրուկ լուծումներ», - ասում է Ալեն Սիմոնյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով, այս փուլում իշխող ուժի առաջարկած ու դեռևս չքննարկված Ընտրական օրենսգրքով ընտրության գնալը կնշանակի խաղի կանոնների խախտում։

Հարդին, թե դեռևս նախորդ իշխանությունների օրոք ընդունված Ընտրական օրենսգիրքը չի՞ ազդի ընտրությունների որակի վրա, Մարուքյանը պատասխանեց․ - «Ամենալավ օրենսգրքով կարելի է կազմակերպել ամենախայտառակ ընտրությունները, ամենախայտառակ օրենսգրքով կարելի է կազմակերպել ամենալավ ընտրությունները»։

Իշխող ուժում վստահ են՝ այս ընտրություններին ևս հաղթելեու են, թեև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ընդունում է, որ այս ընթացքում իրենց վարկանիշը նվազել է. – «Քարոզարշավի ընթացքում մենք կփորձենք հետ բերել, և ես վստահ եմ, որ իշխող ուժը կրկին հաղթելու է ընտրություններում»։

Արման Աբովյան
Արման Աբովյան

Մինչդեռ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանում» կարծում են, որ նոր ընտրությունների դեպքում իշխող ուժը չի գա իշխանության։ «Այսօր կանգնած է հայրենիքի փրկության խնդիրը։ Եվ ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ով ուզում է կազմակերպի ընտրությունները, թույլ չի տա, որ այս իշխանությունը կրկին վերադառնա և շարունակի իր այն գործունեությունը, որը բերել է այս ամբողջ վիճակին», - ասում է Արման Աբովյանը։

Իսկ ինչպե՞ս են պատկերացնում իշխանականները նախընտրական քարոզարշավը, արդյո՞ք այդ դեպքում էլ վարչապետը մեծ թվով ոստիկանների ուղեկցությամբ է շրջելու գյուղերում, քաղաքաներում։

«Խոսքը գնում է նրա մասին, որ այսօր մենք գտնվում ենք շատ լարված իրավիճակում։ Դուք փորձում եք ներկայացնել մի իրավիճակ, որտեղ վարչապետը խնդիր ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ շփվելու, իսկ իրականում խոսքը գնում է նրա մասին, որ ագրեսիվ տրամադրված որոշ խմբակներ, ատելություն տարածելով, այսօր նաև անվտանգության խնդիր են ստեղծել», - ասում է Ալեն Սիմոնյանը։

XS
SM
MD
LG