Մատչելիության հղումներ

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարում է բողոքի, անհնազանդության ակցիաները շարունակելու մասին


«Հայրենիքի փրկության շարժումը» շարունակում է բողոքի, անհնազանդության ակցիաները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ նշելով՝ ունեն բոլոր բավարար հիմքերը՝ կասկածելու, որ հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ։

«Հնարավոր է մարտավարության տարբեր փոփոխություն, բայց խոսել էս պահին ընտրության մասին, որը, ըստ էության, գոյություն չունի և կա ընդամենը մի հայտարարություն, անիմաստ ենք համարում մտնել այդ օրակարգի մեջ», - ասաց Սաղաթելյանը՝ մանրամասնելով․ - «Նախ ընտրությունների մասին հայտարարությունը դա շարժման, մեր հայրենակիցների այս ընթացքում իրականացրած աշխատանքի և ճնշման արդյունք է։ Այս իմաստով սա ձեռքբերում է, որովհետև ցանկացած իշխանության վիճակը, եթե լավ է և ունի լեգիտիմություն, ինքը չի գնա ընտրության, այսինքն՝ սա ձեռքբերում է այս իմաստով, բայց բավարար պայման չէ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։ Իսկ ինչո՞ւ ենք հայտարարում, որ վտանգ կա, որ չանի, մենք ունենք այդ փորձառությունը՝ ես որևէ հիմք չունեմ հավատալուՆիկոլ Փաշինյանի որևէ հայտարարության»։

Եթե նույնիսկ տեղի ունենան ընտրություններն, ապա, ըստ Սաղաթելյանի, դրանք կարող են դառնալ, ոչ թե ճգնաժամից դուրս գալու ելք, այլ նոր ճգնաժամի սկիզբ։

«Գտնում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ և կարևոր պայման են ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում, կա մեծ վտանգ, որ դա չի լինելու մրցակցային, հավասար պայմաններով, մեծ հնարավորություն կա, որ էդ ընտրությունները կեղծվելու են, և այդ ընտրությունները կարող են լինել ոչ թե ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք, այլ՝ ստեղծված իրավիճակից նոր ճգնաժամ սկսվի», - նշեց շարժման համակարգողը։

Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Ֆեյսբուքի իր էջում հայտարարեց վարչապետը։ Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկին կողմ է նաև խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Լուսավոր Հայաստանը»։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, ըստ Սահմանադրության, Ազգային ժողովը պետք է արձակվի, եթե վարչապետի հրաժարականից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չի ընտրվում նոր վարչապետ, ապա ընտրությունները նշանակվում են ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո։

XS
SM
MD
LG