Նազիկ Ամիրյանի կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով գույքային վնաս պատճառելու, ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Քննչական կոմիտեն:
Ըստ հաղորդագրության` քննությամբ պարզվել է, որ կառավարության 2001թ. որոշմամբ՝ «Հայապակի» ՓԲ ընկերության 573.7 միլիոն դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը 145 միլիոն դրամով, ուղղակի վաճառքի պայմանագրով օտարվել են Նազիկ Ամիրյանին՝ առաջիկա 3 տարիների ընթացքում համապատասխանաբար՝ 100, 80 և 70 միլիոն դրամի չափով ներդրումներ կատարելու և որպես սոցիալական երաշխիք՝ 350, 500 և 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով:
2001թ.մարտին կազմված բաժնետոմսերի հանձնման-ընդունման ակտով Նազիկ Ամիրյանը ձեռք է բերել դրանք, իսկ ՓԲ ընկերությունը վերակազմավորվել է «Հայբյուրեղապակի» բաց բաժնետիրական ընկերության:
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու, միևնույն ժամանակ անձամբ շահեկան վիճակում հայտնվելու մտադրությամբ, ըստ ՔԿ-ի, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նախնական դիտավորության իրականացման շրջանակներում այլևս չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Նա կանխամտածված կերպով մասնակի ներդրումներ է կատարել այն արտադրամասում, որն ի սկզբանե նպատակ է ունեցել դուրս բերել ընկերության գույքային ֆոնդից և հափշտակել՝ դարձնել իրենը:
Նազիկ Ամիրյանի գործողությունների հետևանքով ընկերությունում կանխամտածված կերպով ստեղծվել և ավելացել են անվճարունակության հատկանիշներ, ընկերությունն ի վիճակի չի եղել կատարել պարտավորությունները և կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հայցի հիման վրա՝ դատարանի 2003թ. դեկտեմբերի 29-ի վճռով ճանաչվել է անվճարունակ, և ընկերության գործունեությունը դադարեցվել է՝ պարտապանին՝ «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ին, պատճառելով խոշոր չափի՝ 213,1 միլիոն դրամի վնաս: Բացի այդ, պետությունը զրկվել է իրեն պատկանող 80 տոկոս բաժնեմասն արդյունավետ տնօրինելու հնարավորությունից, որի հետևանքով բաց է թողել ընդհանուր 205,7 միլիոն դրամ ներդրման ձևով արտահայտված օգուտը՝ կրելով խոշոր չափի վնաս:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ` Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 1-ին մասով և 193-րդ հոդվածով (կանխամտածված սնանկությունը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: