Մատչելիության հղումներ

Նազիկ Ամիրյանի փաստաբանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ծանր հոդվածներով մեղադրվող Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա դատական նիստին փաստաբան Գուրգեն Գրիգորյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որը, սակայն, դատավորն այս անգամ որոշեց ընդհանրապես չքննել:

«2019 թվականի դեկտեմբերի 24-ին տվյալ քրեական գործով հերթական դատական նիստում նախագահող դատավորին ներկայացվեց ինքնաբացարկի միջնորդություն՝ միևնույն հիմքերով, և դատարանը որոշում կայացրեց ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին: Այն հանգամանքը, որ պաշտպանության կողմը մեկ այլ հիմնավորումներ է հիմքերը հաստատելու համար ներկայացրել կամ կարծիքն է ընդգծել այլ բառերով, այլ մեկնաբանություններով, չի հաղթահարում օրենքով նախատեսված այն արգելքը, որը նախատեսված է, որ ինքնաբացարկի համար հայտնի են դարձել դատաքննությունն սկսելուց հետո և մինչ այդ չէր էլ կարող հայտնի լինել: Այսինքն՝ այսօրվա ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս ներկայացված փաստարկները չէին կարող 24-ին դեկտեմբերի հայտնի չլինել պաշտպանության կողմին, ավելին՝ այդ նույն նույն հիմքերով էլ ներկայացվել են», - ասաց Մնացական Մարտիրոսյանը:

Պաշտպանը միջնորդությունը ներկայացնելիս հայտարարեց. - «Ամեն կերպ փորձ է արվում սահմանափակել, ինչն ակնհայտորեն երևաց վերջին դատական նիստի ժամանակ, փորձ է արվում սահմանափակել պաշտպանության կողմի քրեական դատավարության և այլ օրենքներով ընձեռված իրավունքների պաշտպանությունը, որով խախտվում է մեր պաշտպանյալի իրավունքը»:

Նազիկ Ամիրյանը, ով մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ, դիմել էր դատարանին՝ խնդրելով հնարավորություն ընձեռել ծանոթանալու գործի նյութերին։ Դատարանն այսօր տրամադրեց քրեական գործին առնչվող բոլոր նյութերը, դրանք ավելի քան 4 տասնյակ հատորներ են։ Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, որպեսզի Նազիկ Ամիրյանը ծանոթանա գործի նյութերին։

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դեռ նախորդ տարվա նոյեմբերի 26-ի դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր առանձին քննել ամուսնու և կնոջ գործերը, քանի որ Գրիգորյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ դատական նիստերը պարբերաբար հետաձգվում էին։

Գրիգորյանն այժմ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դեռ երեկ երեկոյան Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել էր, իսկ այսօր արդեն նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ «Նաիրի» բժշկական կենտրոնից հրաժարվեցին «Ազատությանը» որևէ տեղեկատվություն փոխանցել նախկին պատգամավորի առողջական վիճակի վերաբերյալ:

XS
SM
MD
LG