Մատչելիության հղումներ

Օտարերկրացիների մուտքն Արցախ թույլ տալ-չտալու որոշումը կայացվում է ռուս խաղաղապահների հետ համատեղ, հայտնում է Բաբայանը


Ռուս խաղաղապահները հսկողություն են իրականացնում Ստեփանակերտ քաղաքի մոտ գտնվող անցակետում, արխիվ
Ռուս խաղաղապահները հսկողություն են իրականացնում Ստեփանակերտ քաղաքի մոտ գտնվող անցակետում, արխիվ

Օտարերկրացիների մուտքն Արցախ թույլ տալ-չտալու որոշումը կայացվում է ռուս խաղաղապահների հետ համատեղ։ Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Հիմա ռուսական խաղաղապահ առաքելությունն անվտանգությունն ապահովում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում: Կարող են, չէ՞, մարդիկ գալ, եթե ազատ է լրիվ մուտքը, ոչ մի ձևով չի վերահսկվում, և այդ մարդիկ ինչ-որ քայլերի դիմեն: Կոպիտ ասած, ամենածայրահեղ բանն եմ ասում՝ ինչ-որ ահաբեկչական գործողություններ կատարվի, դրա համար ավելի նոր համակարգ է, հիմա դեռևս ընթացքի մեջ է, բայց ահագին հարցեր կարգավորվել են: Այսինքն՝ մարդիկ, ովքեր դիմում են, որպեսզի ստանան վիզա Արցախ մուտք գործելու համար, նրանք հերթագրվում են, և մենք համատեղ նայում ենք այդ մարդկանց անվտանգության տեսանկյունը: Այդպես չէ, որ լրագրողներին բաց չեն թողնում, այդպես չէ, որ արտասահմանցիներին բաց չեն թողնում, բայց կան կատեգորիաներ, որոնք այս կամ այն պատճառով դեռևս համակարգի ոչ վերջնական գործարկման պատճառով կարող է չկարողանան գալ Արցախ», - նշեց Դավիթ Բաբայանը:

Բաբայանը չմանրամասնելով ասաց՝ ստուգումները տարբեր հարթություններում են ընթանում. «Եթե մենք ուզում ենք գնալ ինչ-որ մի երկիր, ասենք՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա կամ Ռուսաստան, վիզայի համար դիմում ենք, չէ՞, ցանկացած մարդու կարող են թույլ չտալ և պարտավոր չեն բացատրել՝ ինչի համար»:

«Ազատության» հարցին՝ որոշումը թույլ տալ կամ չտալու կայացնում է պաշտոնական Ստեփանակերտը, թե՞ համատեղ, Արցախի արտգործնախարարը պատասխանեց. «Մենք համատեղ նայում ենք, բնական է, որ մեզ չեն անտեսում և չեն կարող անտեսել»:

Թեև նոր կարգը օտարերկրյա բոլոր քաղաքացիների համար է, սակայն հատկապես առավել խնդրահարույց է լրագրողների համար, ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

Նրա խոսքով՝ փետրվարի 23-ից սկսած Ինֆորմացիայի ազատության կենտրոնը արևմտյան մամուլի ներկայացուցիչների կողմից բազմաթիվ ահազանգեր է ստացել. Արցախ այցելելիս հիմնականում առաջացած տեխնիկական խնդիրների մասին են խոսում։

«Նրանց մուտքի հետ կապված թույլտվություն է անհրաժեշտ, ընդ որում՝ այդ թույլտվությունը տրվում է կոնկրետ ամսաթվերի համար, եթե ինչ-որ պատճառով, օրինակ, տվյալ լրագրողի այցը տեղի չունենա, մի քիչ ուշանա, ինքը այլևս չի կարող օգտվել այդ թույլտվությունից: Բնականաբար, պետք է նորից դիմի՝ նոր մուտքի թույլտվություն ստանալու համար: Այսինքն ժամկետները տրվում են բացառապես օրվա ժամի համար, և սա խնդիրներ է առաջացնում այլ երկրներից ժամանող լրագրողների համար: Մյուս խնդիրը, որ առաջանում է, դա այն է, որ թույլտվությունը տրվում է միայն նախորդ օրվա երեկոյան: Այսինքն լրագրողները չեն կարողանում նախապես պլանավորել և վստահ լինել, որ իրենք երբ որ այցելեն Հայաստան, ապա կկարողանան մուտք գործել Արցախ: Լինում են դեպքեր, որ գալիս են, թույլտվությունը չի լինում և ստիպված են լինում վերադառնալ», - նշեց Դոյդոյանը:

Օրերս բրիտանական ամենահայտնի լրատվամիջոցի՝ BBC-ի թղթակից Ջոնա Ֆիշերն էր Թվիթերում գրել, թե Ղարաբաղի վարչակազմը իրեն ու գործընկերներին չի թույլատրել Արցախ այցելել։ Ֆիշերը պատերազմի ընթացքում մի քանի ռեպորտաժ էր պատրաստել ռմբակոծվող Ստեփանակերտից։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարը նկատում է՝ տեխնիկական խոչընդոտների պատճառով օր օրի կարող է նվազել օտարերկրյա լրատվամիջոցների ցանկությունը այցելելու և լուսաբանելու Արցախում տեղի ունեցող իրադարձությունները։

«Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել, բարձրաձայնել, որովհետև հասարակական մեծ շահ կա, հենց մեր ազգային շահն է բխում դրանից, որպեսզի ինչքան շատ լուսաբանվի, ինչքան շատ նյութեր հրապարակվեն այս ամենի մասին, բնականաբար, շատ ավելի լավ, բայց փաստացի խոչընդոտելով այլ երկրների քաղաքացի հանդիսացող լրագրողների մուտքը, որովհետև Հայաստանի լրագրողները չեն ունենում որևէ խնդիր, անմիջապես նրանց մուտքն ապահովված է, բայց այս տեխնիկական պարզ խնդիրները, որոնք շատ հեշտ է կարգավորել: Ես կարծում եմ, որ լրագրողի մասնագիտական առաքելությունը հաշվի առնելով, կոնֆլիկտի խաղաղ կարգավորման շահերից ելնելով, պետք է հնարավորինս լավ, դրական պայմաններ նախատեսվեն լրատվամիջոցների համար, ովքեր ուզում են գալ և լուսաբանել տեղի ունեցողը», - ասաց Շուշան Դոյդոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG