Մատչելիության հղումներ

Մի խումբ կոնգրեսականներ բանաձևի նախագիծ են ներկայացրել՝ Ադրբեջանին կոչ անելով ազատել բոլոր գերիներին


Արխիվային լուսանկար

ԱՄՆ-ի կոնգրեսի մի շարք անդամներ հայտնում են, որ բանաձևի նախագիծ են ներկայացրել, որով Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր գերիներին։

Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Արցախում պատերազմի ավարտից ավելի քան 100 օր անց շուրջ 200 հայ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք Ադրբեջանում պահվում են բանտերում, և քիչ բան է հայտնի նրանց վիճակի, բուժվելու կամ ապահովության մասին։ Նրանց շարունակվող գերությունը Ժնևի կոնվենցիաների և պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի պարտավորությունների ուղիղ խախտում է։ Դա բացարձակապես անընդունելի է և հաշվի առնելով պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի կատարած փաստաթղթավորված վայրագությունները` բոլոր պատճառները կան` վախենալու այս գերիների անվտանգության համար»:

Դեմոկրատական կուսակցության անդամ, ազդեցիկ կոնգրեսական Շիֆը նշել է, որ բանաձևն ունի թե դեմոկրատական, թե հանրապետական կոնգրեսականների աջակցությունը։ «Ես հպարտ եմ ներկայացնելու ներկայացուցիչների տան բանաձև՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին և երկկուսակցական աջակցություն ունենալ հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբին»,- նշել է նա։

Ադամ Շիֆն ընդգծել է, որ Ադրբեջանը պարտավոր է առանց հետաձգման ազատ արձակել հայ գերիներին, և նրանք պետք է իմանան, որ դա չկատարելը պարզապես ցույց կտա նրանց արհամարհանքը մարդու իրավունքների հանդեպ և Բաքվի ռեժիմի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները վերագնահատելու անհրաժեշտությունը։ Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է օգտագործի դիվանագիտական բոլոր հասանելի միջոցները` ապահովելու, որ գերիները շուտափույթ և ապահով ազատ արձակվեն, ու Ադրբեջանի վրա պատասխանատվություն դնի մարդու իրավունքների շարունակվող խախտումների համար։

Ադամ Շիֆը Կոնգրեսի անդամի իր էջում տեղադրված հայտարարությամբ տեղեկացնում է, որ բանաձևի նախագիծը ներկայացրել են հայկական հարցերով հանձնախմբի անդամներ երկու կուսակցություններից, իրենից բացի՝ հանրապետականներ Գուս Բիլարիկսը, Դեյվիդ Վալադաոն և դեմոկրատներ Ֆրենկ Փալոնն ու Ջեքի Սփիերը։ Հանձնախմբի 31 անդամները հավանություն են տվել բանաձևի նախագծին։

Փաստաթղթում նշված է, որ ըստ Ժնևյան կոնվենցիաների ու Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության` բոլոր կողմերը պարտավոր են ազատ արձակել կալանավորվածներին։ Նշվում է, որ Հայաստանն ամբողջովին կատարել է իր պարտավորությունը, բայց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է խեղաթյուրել ռազմագերիների կարգավիճակը` փորձելով արդարացնել նրանց գերության մեջ պահելը։ Բանաձևն ԱՄՆ-ի պետդեպարտամենտին կոչ է անում փոխգործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով` պահանջելու անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց:

Հանրապետական կոնգրեսական Գուս Բիլարիկսը ասել է, թե ռազմական գործողությունների դադարեցումից ամիսներ անց հայ ռազմագերիների շարունակվող բանտարկությունը կտրականապես անընդունելի է։

«Դա Ժնևի կոնվենցիաների ու միջազգային օրենքի ուղիղ խախտում է, և Ադրբեջանը պետք է դադարեցնի մարդու իրավունքների խախտումներն ու անհապաղ ազատ արձակի գերեվարված զինվորներին», - նշել է նա:

Դեմոկրատ Ֆրենկ Փալոնը նշել է, որ Հայաստանն ամբողջությամբ կատարել է նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորությունները, իսկ Ադրբեջանը` ոչ. «Փոխարենը Ալիևի ռեժիմն այդ մարդկանց որպես մանրադրամ է օգտագործում` հրաժարվելով ազատ արձակել նրանց, նույնիսկ զրկելով մարդասիրական օգնությունից, քանի դեռ չեն կատարվել նրանց բոլոր պահանջները։ Այս բանաձևն ուժեղ ազդանշան է, որ Միացյալ Նահանգները կարող է և պետք է առանցքային դերակատարություն ունենա` այս խնդիրը լուծելու համար ճնշում գործադրելով Ալիևի վրա` ազատ արձակելու այդ մարդկանց և դադարեցնելու նրա կողմից սրի շարունակվող թափահարումները»։ Փալոնը նշել է, որ բանաձը կօգնի վերակենտրոնացնելու Միացյալ Նահանգների ջանքերը Հարավային Կովկասում և աշխատելու հակամարտության առավել խաղաղ, երկարատաև հանգուցալուծման ուղղությամբ։

Դեյվիդ Վալադոն դատապարտել է Ադրբեջանին նոյեմբերի 9-ի հայտարարությունը չկատարելու համար և հորոդորել անհապաղ վերադարձնել բոլոր հայ գերիներին։

Ջեքի Սփիերը ասել է, թե «անօրինական կալանքից բացի, հիմա գիտենք, որ Ադրբեջանը կալանքի տակ գտնվողներին ենթարկել է բռնություների ու նվաստացուցիչ վերաբերմունքի», ինչը կոնգրեսականի խոսքերով` ցնցում է խիղճը։ Նա վկայակոչել է Human rights watch-ի փաստաթղթավորված զեկույցը, կոնկրետ օրինակներով նշել խաղաղ բնակիչներ` 79-ամյա Էդուարդ Շախելդյանի և Արսեն Ղարախանյանի մահապատիժները ադրբեջանցիների կողմից։

ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունների՝ Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարները ողջունել են կոնգրեսականների նախաձեռնությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG